Վերջերս հանրությունը հաճախ է ականատես լինում Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության մարզային կառույցների գրասենյակների բացման հանդիսավոր արարողությունների, ժապավենների կտրման ու նմանատիպ արարողակարգային հրապարակումների: Սակայն առավել ուշագրավ է այն հանգամանքը, թե իրականում ովքե՞ր են մարզային այդ կառույցների պատասխանատուները, և իրականում տարածքներում ո՞ւմ վրա է հենվում հայաստանյան քաղաքական համակարգում նոր հայտ ներկայացրած կուսակցապետը:
Եվ այսպես. «Հայրենիք» կուսակցության՝ մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Լոռու մարզային կառույցը վստահվել է 2012 թվականից մինչև այսօր Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Վահե Դոխոյանին, ով հայտնի է նաև որպես ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի (Տաշիր) հովանավորյալ: Գեղարքունիքի մարզում կուսակցական աշխատանքի պատասխանատու է նշանակված Արմեն Մարտիրոսյանը, ով բնակվում է Նորատուս գյուղում և իր հայրիկի՝ ոստիկանության Գավառի բաժնի նախկին աշխատակից Ռոբերտ Մարտիրոսյանի հետ միասին կասկածելի եղանակներով զբաղվում է ձկան վաճառքով: Իսկ ահա Արմավիրի մարզում կուսակցության ներկայացուցչի պարտականություններն իրականացնում է Օհան Հարությունյանը, ով Երևանի Իսակովի պողոտայում գտնվող ավտոկայանը «նայող», քրեական հեղինակություն Բոգոյի մտերիմն է: Ի դեպ, նույն Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում ևս գործում է «Հայրենիք»-ի գրասենյակ, որը ղեկավարում է Աբել Հովսեփյանը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի թիկնազորի պետ Արմեն Հովսեփյանի (հայտնի է «Ատաման» անունով) որդին: Արագածոտնի մարզային պատասխանատու Ազատ Զաքարյանն ավելի հայտնի է բջջային հեռախոսների վերանորոգման աշխատանքներով: Կոտայքի մարզում կուսակցական աշխատանքների պատասխանատվությունը ստանձնել է որոշակի քրեական հեղինակություն վայելող «Դերոյի Արսենի» ՀՀԿ-ական եղբայր Վանիկ Հունանյանը, ով սերտ կապերի մեջ է Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ: Դե իսկ Շիրակի մարզում «Հայրենիք»-ի կուսակցաշեն աշխատանքը համակարգում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Հետաքրքրական է, որ Վայոց ձորի մարզային կուսակցության պատասխանատուն զարմանալի զուգադիպությամբ նաև «Գուդվին» ընկերության մարզային պատասխանատուն է, և հարց է ծագում, թե ինչպե՞ս է համատեղելու քաղաքական գործընթացներն ու գուդվինային խաղարկությունները: Տավուշի մարզում կուսակցական աշխատանքը լիազորված է Նելլի Խուդավերդյանին, ով ՀՀԿ նախկին անդամ է և 2017 թվականի ԱԺ ընտրություններին ՀՀԿ կողմից առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու: Արարատի մարզում կուսակցական աշխատանքով զբաղվելու է ՕԵԿ նախկին անդամ Բաբկեն Հարությունյանը: Եվ ըստ «Հայրենիք» կուսակցության մեր աղբյուրի՝ նրան մարզային պատասխանատու նշանակելու համար միջնորդել է Ռոբերտ Քոչարյանի աջակից, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը:
Ուշագրավ է, որ Սյունիքի մարզում Արթուր Վանեցյանը դեռևս որոնումների մեջ է և չի կարողանում գտնել իր տեղական հենարանին: Այս անունների թվարկումն ինքնին վկայում է, թե ինչպիսի մարդիկ են Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության մարզային «հենասյուները», և ինչպիսին կլինի Սյունիքում նրա ապագա «ընտրյալը»: Եվ բոլոր վերլուծությունները հուշում են, որ բացօթյա համագումարում «շռնդալից» կերպով կուսակցություն հիմնադրած, «ազգափրկիչ» ու «ազգապահպան» ծրագրեր առաջարկող Արթուր Վանեցյանն իր ողջ կապերով, ԱԱԾ-ական անցյալով, քրեաօլիգարխիայի հետ ներկա ջերմ հարաբերություններով, քաղաքականության լուսանցքում հայտնված նախկինների հետ շփումներով հանդերձ՝ չունի այն որակյալ մարդկային կապիտալը, ում վրա կարողանա կառուցել իր «քաղաքական» կարիերան:
Հ. Գ. Իսկ ով էլ կասի՝ «Ախպեր, քո հետ ենք, բայց արի մենք թաքուն քեզ օգնենք» կարգախոսը, ապա պարզից էլ պարզ է, որ այդպիսիք միշտ էլ եղել են ու կան և ամենապատասխանատու պահին կարողանում են հակասել իրենք իրենց, հերքել բոլոր այդօրինակ ասածներն ու հավատարմության երդում տալ իշխանություններին: Այսինքն՝ Վանեցյանի կուսակցությունում դեռևս ինքն է ու մեկ էլ՝ «նրանք»:









































