Սահմանադրական փոփոխությունների փաթեթի համահեղինակ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը դեռևս չգիտի՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրությունն արտահերթ նիստով, թե աշնանային նստաշրջանի մեկնարկին է կազմակերպվելու։ «Ես նման տեղեկություն չունեմ, չգիտեմ՝ արտահերթ նիստ հրավիրվելու է, թե մնալու է սեպտեմբերի 14-ին»,- ի պատասխան մամուլում եղած հրապարակումների, ըստ որի՝ ընտրությունը լինելու է արտահերթ նիստով՝ սեպտեմբերի 11-ին, ասաց Հովակիմյանը՝ չպատասխանելով հարցին՝ «Իմ քայլը» որոշե՞լ է, թե ինչպես է քվեարկելու ՍԴ դատավորի երեք թեկնածուներին։ Հովակիմյանն ասաց, որ իրավասու չէ խմբակցության դիրքորոշումը ներկայացնելու։
Վահագն Հովակիմյանը, սակայն, համակարծիք չէ ՍԴ դատավորի թեկնածուների հասցեին հնչող քննադատությունների հետ։ Ավելին, իշխանական պատգամավորը կարևորում է ՍԴ դատավորի թեկնածուների հասցեին քննադատություն հնչեցնողների «քաղաքական գենետիկան»: «Քննադատների քաղաքական գենետիկան կարևոր է։ Դրան պետք է ուշադրություն դարձնել»,- ասաց մեր զրուցակիցը։
Մեր դիտարկմանը՝ թե իրեն ինչ է հուշում քննադատների քաղաքական գենետիկան, նա պատասխանեց. «Ես որ նայում եմ, տեսնում եմ, որ այդ քննադատները մարդիկ են, ովքեր ցանկացած թեկնածուի նույն կերպ կարձագանքեին։ Տվյալ մարդիկ ունեն իրենց նախասիրությունը։ Իսկ իրենց նախասիրությունն է՝ պահպանել այն հակասահմանադրական իրավիճակը, որը որ կար, և որի պարագայում Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանի տիրապետության տակ էր, իսկ ՍԴ մի շարք դատավորներ քաղաքական նպատակներով հնարավորություն կունենային ինչ-ինչ գործընթացներ ծավալելու»,- ասաց Հովակիմյանը։
Մեր դիտարկմանը՝ օբյեկտիվ չե՞ն այն քննադատությունները, ըստ որի՝ նախկին իշխանությունների հրահանգները, քաղաքական պատվերները կատարած թեկնածուները իսկապես չեն կարող տեղ ունենալ բարձր դատարանում, նրանք բավարար բարեվարք չեն, հեղինակություն չեն վայելում, պատգամավորը հակադարձեց. «Իսկ ՀՀ-ում կա՞ դատավոր, որը 10 տարվա աշխատանքային ստաժ ունի և նախկին իշխանության հետ առնչություն ունեցած չի եղել։ ՍԴ դատավոր դառնալու համար այդ թեկնածուն 10 տարվա ստաժ պետք է ունենա։ Հիմա հետ գնացեք ու ասեք՝ կա՞ մի դատավոր, որը նախկին ռեժիմի պայմաններում չի գործել։ Դատավորների 95-99 տոկոսը գալիս է 2000-ականների սկզբից։ Խնդիրը այն չէ, թե այդ դատավորը երբ է նշանակվել։ Խնդիրն այն է, թե այդ դատավորը, այդ անձն ու իր գործունեությունը ինչպիսին են եղել։ Հեղափոխությունը բոլորին փոխվելու հնարավորություն է ընձեռել։ Մարդիկ իրենք են ընտրում՝ կարող են օգտվել այդ հնարավորությունից, կարող են չօգտվել։ Հեղափոխության իմաստն այն է եղել, որ մենք Հայաստանի զարգացումը նոր ընթացքով տանենք, կերտենք մեր երազանքների Հայաստանը, և փոխվել ցանկացող մարդիկ դրան մասնակից լինելու հնարավորություն ունենան։ Ով կցանկանա՝ փառք ու պատիվ իրեն, ով չի ցանկանա՝ ի դժբախտություն իրեն»։
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին քննադատության ենթարկող ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածուներին քննադատողների մասով Հովակիմյանի դիտարկումներին, ընդամենը ցավով արձանագրեց, որ նման գնահատականը բավական անառողջ է ու բուժման կարիք ունի։ «Հետևաբար կարող եմ միայն առողջություն մաղթել իմ գործընկերոջը»,- ասաց Բաբաջանյանը։
Ինչ վերաբերում է ընդհանրապես սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանն ու այդ ուղղությամբ վերջին զարգացումներին, ապա Բաբաջանյանն ափսոսում է, որ իշխանությունները, այդ թվում՝ իր գործընկեր իշխանական պատգամավորները, այդպես էլ չհասկացան, թե իրականում ինչ է նշանակում սահմանադրական ճգնաժամ, որտեղից և ինչպես է ծագել այդ ճգնաժամը ու ինչպես պետք է հաղթահարել այն։
«Սահմանադրական դատարանի դատարանակազմության գործընթացը, որում մենք հիմա գտնվում ենք, սահմանադրական ճգնաժամի հաղթահարման կարևորագույն փուլերից մեկն է։ Ավելի վաղ մենք իրավական, օրենսդրական հարթությունում հիմքեր ստեղծեցինք այդ ճգնաժամի հաղթահարման համար։ Սակայն դա վերջնական տեսք, այսպես ասենք, միս ու արյուն պետք է ստանար հենց Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրմամբ ու նոր ՍԴ-ի կազմավորմամբ։ Ահա այստեղ է, որ մենք տեսնում ենք զարգացումներ, որոնք ամբողջությամբ հակասում են այն տրամաբանությանն ու ոգուն, որ հռչակվում էր սահմանադրական ճգնաժամի հաղթահարման առաջին փուլում»,- ասաց Բաբաջանյանը:
Նա հավելեց. «Օրինակ՝ կառավարության կողմից նույն Էդգար Շաթիրյանի առաջադրումը, որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, ես գնահատում եմ անպատասխանատու վարքագիծ, որով, ըստ էության, ուղերձ է հղվում հանրությանը, որ իշխանության գործադիր թևը, թող ներվի կոպիտ արտահայտությունը, թքած ունի օրենսդիր մարմնի, նրա վստահության վրա։ Եվ ուղղակի դժվար է պատկերացնել, թե այդքանից հետո նույն օրենսդիր մարմնի մեծամասնությունը ինչպես պետք է նրան ընտրի ավելի կարևոր պաշտոնում, չի բացառվում, որ վաղը, եթե նա հավակնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին, և եթե մնացած 8 դատավորները անվստահություն հայտնեն նրան, Շաթիրյանը դարձյալ կարող է գնահատել, որ ինքը կրկին անելիք չունի, ինչպես վարվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ Շաթիրյանի թեկնածության առաջադրումը տարողունակ գործընթացի մի մասն է միայն»։
Ընդհանուր առմամբ Բաբաջանյանը խորապես հիասթափված է այն անլուրջ, մակերեսային մոտեցումից, որ ցուցաբերում է իշխանությունը երկրում գոյություն ունեցող սահմանադրական ճգնաժամի հաղթահարման, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի դատարանակազմության հույժ կարևոր գործընթացի նկատմամբ։ Բոլոր այն հռչակումները, որ ներկայացվում էին սահմանադրական ճգնաժամի հաղթահարման գործընթացի ժամանակ, ըստ էության առ ոչինչ են դառնում, երբ սահմանադիր մարմինները առաջադրում են խոցելի ու ոչ միարժեք ընկալելի թեկնածուների։
«Այդպիսի թեկնածուների առաջադրումը հեղինակազրկում է ինչպես սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կարևորագույն գործընթացը, այնպես էլ Սահմանադրական դատարանն ընդհանրապես։ Սահմանադրական դատարանը պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, այն ժողովրդավարության, արդարադատության պաշտպանն ու երաշխավորն է, և նրա անդամները պետք է լինեն անբասիր՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնային հարթությունում։ Բայց մենք տեսնում ենք, որ առաջադրված թեկնածուները անբասիր չեն ո՛չ մասնագիտական, ոչ էլ անձնային հարթություններում։ Անկախ ու արդյունավետ գործող Սահմանադրական դատարան ունենալու համար նրա անդամները պետք է զերծ լինեն որևէ աֆիլյացիայից, որևէ խմբավորման, քաղաքական, սոցիալական կամ տնտեսական որևէ շերտի, այդ թվում՝ իշխանության հետ կապերից ու առնչակցություններից։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվում են թեկնածուներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունեն ամենատարբեր շրջանակների, այդ թվում՝ նախկին իշխանությունների հետ, իսկ դա շատ, չափազանց վտանգավոր է, քանի որ մենք նույն նախկին իշխանությունների ազդեցության տակ գտնվող ՍԴ-ն այսպիսով դնում ենք կրկին նույն շրջանակների ազդեցության տակ՝ այն տարբերությամբ, որ այդ ազդեցությունն իրականացվելու է այլ, նոր անուններով։ Այս թեկնածուների առաջադրմամբ մենք ըստ էության գլորվում ենք սահմանադրական տեղապտույտի մեջ, որի արդյունքում վերադառնալու ենք գործնականում այն նույն կետին, որից սկսել ենք սահմանադրական ճգնաժամի հաղթահարումը՝ այն էսթետիկական տարբերությամբ, որ նոր ճգնաժամում Սահմանադրական դատարանի դատավորները հանդես են գալու այլ անուններով»,- եզրափակեց Արման Բաբաջանյանը։









































