Հայաստանում է ֆրանսահայ հայտնի դերասան Ժիրայր Փափազյանը, որի մասնակցությամբ Լևոն Մինասյանի նկարահանած «Դաշնամուրը» ֆիլմը «Ոսկե Ծիրան» փառատոնում ներկայացվեց հանդիսատեսի դատին:
Ֆիլմում դերասանը մարմնավորել է մի գյումրեցու։ Իր խոսքերով ասած՝ նա կեղծամով բավական ծիծաղաշարժ դեր է խաղացել: «Բոլորը շատ լավ ընդունեցին, բացի գյումրեցիներից»,- կատակով ասաց դերասանը՝ նշելով, որ իրենցից բավական երկար ժամանակ է պահանջվել Գյումրիի բարբառով խոսելու համար: Ֆիլմը, որը ֆրանսիական արտադրության էր, նկարահանվել է «Շարմ» ընկերության հետ համատեղ, ցուցադրվել եվրոպական մի շարք երկրներում և շահել մրցանակներ:
Ռեժիսորը խոսեց նաև իր մի ձեռնարկի մասին՝ տեղեկացնելով, որ երկար տարիների աշխատանքից հետո այս տարի կարողացավ ցուցադրել Տիգրան Չուխաջյանի «Կարինե» («Լեբլեբիջի Հոր-հոր աղա») օպերետի առաջին ցուցադրությունը, որը տեղի ունեցավ Մարսելի Օդեոն թատրոնում: Ինչպես ասաց դերասանը՝ ամբողջությամբ ֆրանսերենով բեմադրությունը բարձր է գնահատվել ֆրանսիական մամուլում: Նա հույս հայտնեց, որ մի օր «Կարինե»-ն կխաղան նաև Հայաստանում հայ հանդիսատեսի համար:
Անդրադառնալով Սփյուռքում հայկական մշակույթային կյանքին՝ դերասանն ասաց, որ Սփյուռքը հետաքրքրված չէ մշակույթով։ «Համայնքից հույս չկա: Կարծում եմ՝ մնացել ենք մեր տրադիցիաների մեջ ու չենք փոխվում»,- ասաց դերասանը՝ նշելով, որ ֆրանսիահայերը կապ չունեն ֆրանսիական մշակույթի հետ: «Այն ամենը, ինչ ցուցադրվում է, գյուղական մակարդակի վրա է: Չգիտեմ՝ ինչ եղավ, որ մշակույթը սկսեց չհետաքրքրել հայերին: Նույնն է վիճակը ամենուր: Սփյուռքում մշակույթ չկա»:









































