Ըստ ՊՆ խոսնակի տարածած հաղորդագրության՝ երեկ գիշեր «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը, մեր դիրքապահները հետ են մղել հակառակորդի գրոհը՝ պատճառելով զգալի կորուստներ: Ադրբեջանի հատուկնշանակայինները, բացի կորուստներից, ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Վլադ Հովհաննիսյանը և «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը:
«Ադրբեջանը պարտության դառնությունը մեղմելու խնդիր ունի: Եթե Ադրբեջանը պարզերես անող, պարտությունը մեղմացնող ակցիա չանի, ապա այնտեղ քաղաքական խժդժություններ կառաջանան, բայց նորից անհաջողություն են ունեցել,- նշեց Ազատ Արշակյանը,- Ադրբեջանը իրենց դարպասի մոտ գնդակը փոխանցել է մեզ՝ հայտարարելով, որ անիմաստ է Մինսկի խմբում բանակցությունները շարունակելը: Նրանք լուրջ զիջումներ են պահանջում Հայաստանից, սպառնալով, որ հակառակ պարագայում դուրս կգան բանակցություններից, իսկ դա նշանակում է, որ վերադառնում ենք 92թ., այսինքն՝ պատերազմը դառնում է ռեալ: Ատոմակայանի ռմբակոծության մասին կոպիտ հայտարարությունով նրանք խախտեցին միջուկային զենք չօգտագործելու վերաբերյալ բոլոր պայմանները, որ մշակել է քաղաքակրթությունն առ այսօր, և բանակցություններից հրաժարվելը նշանակում է պատերազմ հայտարարել, ինչն արգելված է ՄԱԿ կանոնադրությունով: Մենք ունենք շանս օրակարգը փոխելու և նրանց երկու կոպիտ սխալի արդյունքում ձեռքբերումներ ունենալու»:
Հայկ Այվազյանի դիտարկմամբ՝ տավուշյան դիրքի վրա գրոհի փորձը ոչ թե լարվածության հետցնցում է, այլ ավելի շատ հոգևարք, ամեն դեպքում չպետք է թուլանալ: Հայկ Այվազյանի կարծիքով՝ Ադրբեջանը կփորձի Թուրքիային ինչ-որ ձևաչափով ներգրավել ընթացող պրոցեսների մեջ:
Վլադ Հովհաննիսյանի խոսքով՝ սահմանային լարվածությունները հատկապես ավտորիտար քաղաքական համակարգերում առիթ են հանդիսանում ներքաղաքական կյանքում մաքրումներ-զտումներ իրականացնելու համար. Դրա առաջին «զոհը» Ադրբեջանի արտգործնախարարն էր, դժգոհություններ կան նաև պաշտպանության նախարարից, հնարավոր է նա նույնպես պաշտոնանկ արվի: Այսինքն՝ հնարավոր է, որ այս ամեն ինչը արվում է ներքաղաքական և միջկլանային հարցեր լուծելու համար»:
Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Տավուշի բախումներն իրենց հետքը թողեցին նաև Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա:
Տավուշը ճանապարհ բացեց քաղաքականացման համար. հիմա քաղաքական ուժերը կարող են դիվիդենտներ շահել միայն առաջարկներ ներկայացնելով տարբեր ոլորտների զարգացամն համար. պատերազմի վտանգով քաղաքական հակառակորդին լռեցնելն արդեն չի անցնի: Բոլոր ուժերը պետք է լինեն պետականամետ և գլխավորը հայկականությունը պետք է լինի… Բայց դա մինչև հիմա դեռ տեղի չի ունեցել, մեր գլխին անընդհատ սպառնում են «դրսից տղա բերելու» ռեժիմը, բայց «դրսից տղա բերողներն» այլևս անցյալի ուժ են:
Հայկ Այվազյանի դիտարկմամբ՝ տավուշյան բախումների արդյունքում լյուստրացիա տեղի ունեցավ. «Մենք բացահայտեցինք մեր միջի թշնամուն, որը շատ ավելի վատն է ու զզվելի, քան սահմանից այն կողմ գտնվող թշնամին»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































