ՀՀ կառավարությունը հուլիսի 9-ի նիստում հավանության արժանացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծերին:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրինագծով առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում՝ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների): Այսինքն՝ և՛ ռազմական դրության, և՛ արտակարգ դրության ժամանակ բժշկական սպասարկումը և օգնությունը կլինեն միասնական՝ կենտրոնացված լիազոր մարմնի շրջանակներում։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով՝ առողջապահական համակարգի միասնական կոորդինացման անհրաժեշտությունը թելադրում է րոպե առաջ ունենալ այնպիսի առողջապահական համակարգ, որը չլինի ապակենտրոնացված, չլինի ինքնուրույն որոշումներ կայացնող՝ հատկապես համաճարակի հիմքով արտակարգ դրության ժամանակ, այլ ունենա ընդհանուր ցուցումներով առաջնորդվող կառավարում. «Այս առումով ես հիմնավոր եմ համարում օրենքում այս փոփոխությունը և նաև հիմնավոր եմ համարում, որ այն պետք է գա արտակարգ ռեժիմով՝ ելնելով կորոնավիրուսային իրավիճակից։ Դա ավելի կհեշտացնի կառավարումը, որովհետև առողջապահության ոլորտի համար պատասխանատու լիազոր մարմինը պետք է ունենա գործիքակազմ՝ կենտրոնացնելու և համախմբելու բոլոր բուժհաստատությունների, երկրում եղած առողջապահական ներուժը՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու համար»։
Հանրային առողջության մասնագետ Գևորգ Եղիյանի կարծիքով՝ օրենքի այս նախագիծը չեզոքացնում է մի շարք վտանգներ, որոնք կարող են առաջանալ արտակարգ դրության պայմաններում։ «Հնարավոր է, որ մատակարարողը պարզապես հրաժարվի ծառայություններ մատուցելուց, իսկ արտակարգ դրության պայմաններում նման ռիսկերը չեզոքացվում են։ Այսինքն՝ մենք հստակ կիմանանք, թե ինչքան ռեսուրս ունենք, ու դրանք անսպասելիորեն չեն կորչի։
Նման դեպքերում շատ ճիշտ է, որ առողջապահական կառույցները ընդհանուր տեղեկություններ են հայտնում միասնական համակարգին, թե այդ պահին ինչի կարիք կա, ինչ քանակությամբ հակավիրուսային դեղամիջոցներ կան և այլն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ոլորտի մասնագետը։
Միասնական առողջապահական համակարգի հետ մեկտեղ, Եղիյանի խոսքով, պետք է գործեն, այսպես ասած, շուտ ահազանգող մեխանիզմներ։ «Օրինակ՝ լաբորատորիաներում հանկարծ նկատում ես, որ Հեպատիտ b-ի թեստերը շատանում են, սպասվածից շատ են։ Կամ հիվանդանոցները սկսում են նկատել, որ թոքաբորբի դեպքերն են շատացել։
Շուտ ահազանգող համակարգով իրենք միանգամից տեղյակ են պահում համապատասխան մարմիններին, որոնք ըստ այդմ սկսում են ուսումնասիրել հարցը՝ հասկանալու՝ սա համաճարակի մասին սիգնա՞լ է, թե՞ ոչ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Խոսելով արտակարգ դրության պայմաններում ինֆորմացիայի փոխանցման մասին՝ Եղիյանը կարծում է, որ այս միասնական համակարգը թույլ կտա ավելի համակարգված ու ճշգրիտ ինֆորմացիա փոխանցել առողջապահական մարմիններին ու հասարակությանը տվյալ իրավիճակի հետ կապված։ «Ինֆորմացիայի պակասի խնդիր չենք ունենա։
Ընդհակառակը, ինֆորմացիան համակարգված ձևով հասցվում է նախարարությանը, որն էլ հարկ եղած դեպքում պատվերներ կարող է իջեցնել։ Գնորդ կազմակերպությունները, որոնք նախարարության անունից առողջապահական ծառայություններ են գնում, հենց այդ միասնական տեղեկատվության հիման վրա են գնելու։ Տվյալ օրենքը ցույց է տալիս, որ ռեսուրսներից, որոնք բոլոր բուժհիմնարկներում կան, նախարարը տեղյակ է։ Նախարարությունը պետք է ճշտի բոլոր տեղեկությունները, որոնք տալիս են առողջապահության մատակարարողները»,- տեսակետ հայտնեց Գևորգ Եղիյանը։
Նրա գնահատմամբ՝ այս օրենքը բավական արդյունավետ կդարձնի առողջապահական համակարգի կառավարումն ու քաղաքացիների սպասարկումը։ Ըստ նախագծի՝ առողջապահական լիազոր մարմինը կարող է կոորդինացնել և լիազորությունները կարող է տարածել իրեն ենթակա հիմնարկների ու նրանց գործունեության վրա։ «Ճգնաժամային կառավարման դեպքում այս օրենքն անհրաժեշտ է, որ իմանաս՝ ինչ ռեսուրս ունես, ինչի անհրաժեշտություն կա, սարքերն ինչ մաշվածության են և այլն։ Հարկ եղած դեպքում հիվանդանոցների բուժանձնակազմերը պետք է տեղափոխվեն այլ բուժհիմնարկներ։ Այս օրենքը շատ ճիշտ է, քանի որ եթե ճգնաժամային կառավարում է, հնարավոր է ռեսուրսներից տեղյակ չլինելը հանգեցնի լուրջ խնդիրների, ու հետևանքները լավ չլինեն, կամ իրականում ունենաս սահմանափակ ռեսուրսներ։ Պարբերաբար տեղեկատվության կամ զեկույցների ստացումը նման ռիսկերը կարող է կանխել։ Օրինակ՝ Կանադայում այսպես էր. հիվանդանոցներին հատկացվում էր հատուկ Exel ֆայլ, որով լրացուցիչ ադմինիստրատիվ անձնակազմը լրացնում էր ամբողջ ինֆորմացիան։ Տվյալների մեծ բազաներ էին ստեղծվում, որը կարելի էր արհեստական բանականությունով վերլուծել։ Օրինակ՝ քաղցկեղով ամեն հիվանդ բուժման տարբեր ճանապարհներով է անցնում։ Այդ ճանապարհները արհեստական բանականությունը վերլուծում էր ու տալիս ամենաօպտիմալ ճանապարհը, բուժման ծրագիրը, որով տվյալ հատկանիշներով հիվանդը պետք է անցնի։ Այստեղ էլ լավ կլիներ, որ տեղեկատվական այդպիսի մեծ բազաներ ստեղծվեին, որով նախարարությունը համապատասխան ուղեցույցներ կստեղծի ու կտրամադրի բուժհիմնարկներին»,- ասաց Հանրային առողջության մասնագետ Գևորգ Եղիյանը։








































