Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը։
Այս մասին այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականցնել սահամանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: Սովորաբար փոփոխությունները կամ բարեփոխումները արվում են քաղաքական նպատակահարմարություններով, համենայն դեպս մենք այդպիսի փորձ ունենք, եւ այդ քաղաքական նպատակահարմարությունների մեջ շատ մեծ դեր են կատարում կոնկրետ տեքստերը, կառուցակարգերը, կոնկրետ անձանց շրջանակի համապատասխանեցնելը: Կարծում եմ՝ գուցե այս ընկալումն է, որ մեզ բերել է որոշակի խնդիրների, բայց հիմա ես եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժշետություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ երբ նաեւ վարչապետի կարգավիճակով շատ պրոբլեմների մեջ խորամուխ է լինում, արձանագրում է մի իրողություն, որ մեր երկրում չկա օրգանական կապ պետական կարգի եւ քաղաքացու կամքի միջեւ: «…Կարծում եմ՝ կարեւոր պատճառներից մեկն այն է, որ երրորդ հանրապետության պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություն, որ քաղաքացին իրեն մասնակից համարի այդ պրոցեսի, այդ տեքստի ու պետական կարգի ձեւավորմանը»,- ասել է Փաշինյանը:









































