Ռուսական Россия 24-ն անդրադարձել է հասարակական կարգի ենթադրյալ տապալման գործի մասին ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքին. «Եվրոպական դատարանը նշել է, որ օրենսդրությունը փոխվել է, և Ռոբերտ Քոչարյանին հիմա ցանկանում են դատապարտել ավելի խիստ հոդվածով, որն ի հայտ է եկել նկատելիորեն ուշ, ինչն անթույլատրելի է»: Առաջատար լրատվամիջոցը հավելել է, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքը համարում է կեղծ և քաղաքական հետապնդում: ВЕСТИ.ru-ի նյութը լրացվել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի և Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանի մեկնաբանություններով:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ռուսական լրատվամիջոցների այսօրինակ պրոպագանդայի երկու հիմնական պատճառ է տեսնում: «Քոչարյանի թիմի ակտիվ աշխատանքը Ռուսաստանում, եղած կապերը, և երկրորդը՝ «Ռոսիա 24»-ն ի վերջո պատկանում է պետական հեռուստառադիոընկերությանը։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի այսօրվա իշխանությունը առանձնապես դեմ չէ, որ ՀՀ այսօրվա իշխանությունների, եղած իրավիճակի մասին բացասական վերաբերմունք տարածվի, իսկ նրանց հակառակորդներին՝ հակառակը, բարձրացնեն ու հնարավորինս գովազդեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Նավասարդյանի՝ սա որոշակի ազդեցություն է թողնում հայ-ռուսական հարաբերությունների վրա. «Որովհետև եթե կա այդպիսի ֆոն, շատ դժվար է ակնկալել, որ Երևանի ու Մոսկվայի միջև տարբեր ուղղություններով կլինի կոնստրուկտիվ համագործակցություն։ Կան տարբեր հարցեր, որոնք այսօր Հայաստանի համար կարևոր են Ռուսաստանի հետ գործակցության կոնտեքստում՝ գազի խնդիր, անվտանգության հարց, Արցախի հարց։ Այդ ուղղությամբ մենք այս պահին գտնվում ենք ոչ բարենպաստ վիճակում։ Պետք են շատ ճշգրիտ ու դիվանագիտական քայլեր, որպեսզի սա երկրի համար լուրջ ու բացասական հետևանքներ չբերի»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ նորություն չէ, որ Ռուսաստանում կա իշխանությանը մոտ կանգնած շերտ, որն ունի շահեր ՀՀ երկրորդ նախագահի հետ կապված: «Այնպես չէ, որ նրանք Կրեմլից անջատ են գործում, Կրեմլը ևս ունի որոշ շահեր երկրորդ նախագահի հետ կապված, ու այն տեղեկատվական աջակցությունը, որ երկրորդ նախագահը ստանում է Ռուսաստանից, նորմալ գործընթացի տրամաբանության մեջ պետք է դիտարկել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մյուս կողմից էլ, ըստ Ղևոնդյանի՝ Կրեմլը և այն քաղաքական շերտը, որը որոշումների կայացման գործընթացում գերակա դեր ունի, օգտագործում է այս իրավիճակը ՀՀ նոր իշխանությունների հետ հարաբերություններում ավելի ուժեղ դիրքերից հանդես գալու համար: «Այսինքն՝ նպատակն ավելի շատ դիվիդենդներ ստանալն է, քան պարզապես երկրորդ նախագահին օգնություն ցույց տալը»,- եզրափակեց նա։










































