Արտերկրում ուսում ստացող զինապարտի հայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ որդուն ՀՀ Զինված ուժերի պահեստազորում հաշվառելու և նրան ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու հարցերով: Այդ մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:
Զինապարտի հայրը տեղեկացրել է, որ որդին ընդունվել է արտերկրի համալսարաններից մեկը և այդ հիմքով նրան տրվել է տարկետում: Քաղաքացու պնդմամբ՝ թեև զորակոչից որդու տարկետման ժամկետը լրացած չի եղել և զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցում չի ստացել, սակայն զորակոչից որդու խուսափելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացու՝ որդին նոր անձնագիր ստանալու նպատակով վերադարձել է Հայաստան, սակայն հարուցված քրեական գործի պատճառով անձնագիր չի տրամադրվում, և ուսումը շարունակելու նպատակով չի կարողանում վերադառնալ արտերկիր:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, բարձրացված հարցի կապակցությամբ գրություն է հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Պարզաբանման մեջ դատախազությունը տեղեկացրել է, որ զինապարտի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Զինապարտի հայրը լրացուցիչ տեղեկացրել է, որ որդին հաշվառվել է Զինված ուժերի պահեստազորում, ստացել զինվորական գրքույկ և անձնագիր:
https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1423254647861995










































