Այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել, թե եթե ՀԱԿ-ը և իշխանությունը՝ այսինքն ՀՀԿ-ն, գալիս են որոշակի համաձայնության և պայմանավորվածության, ինչպիսի՞ն կլինի ԲՀԿ վիճակը, ԲՀԿ շանսերն այդ դեպքում մեծանո՞ւմ են, թե՞ փոքրանում, և՝ ԲՀԿ-ն կնախընտրի միայնա՞կ գնալ ընտրությունների, թե՞ կոալիցիայի հետ: Ի պատասխան Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ ԲՀԿ շանսերը մեծամասամբ պայմանավորված են լինելու այն կարգավիճակով, որով ներկայանալու է ընտրողներին: Այսինքն՝ եթե ԲՀԿ-ն ներկայացնի ինքնուրույն ցուցակ և ինքնուրույն սեփական ցուցակով մասնակցի ընտրություններին, ապա նրա շանսերը էապես մեծանալու են:
«Ավելին՝ եթե ԲՀԿ-ն հանդես չեկավ ինքնուրույն, բնականաբար որպես կուսակցություն կդադարի գոյություն ունենալուց, ինչպես զորօրինակ՝ Կոնգրեսի մեջ մտնող բոլոր կուսակցությունները, այլևս գոյություն չունեն: Ցանկանում եմ ասել, որ նույն ճակատագրին կարժանանա այս դեպքում ԲՀԿ-ն: Նա կտարրալուծվի իշխող ուժի մեջ և կորցնելով ինքնուրույնությունը, կուսակցական բրենդը, ընտրազանգվածին, որը դիտում է ԲՀԿ-ն որպես իշխանության ներսում գործող այլընտրանք ՀՀԿ-ին, ահա այդ ընտրողին կորցնելով՝ կկորցնի նաև իր շանսերը հետագայի համար»,- կանխատեսեց Հմայակ Հովհաննիսյանը: