Այսօր՝ ապրիլի 29-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Քննարկվում է 2020թ. ՀՀ բյուջեում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծը:
«Պարոն Ջանջուղազյան, ես չեմ դադարանում հիանալ, թե ինչպես եք կարողանում պատգամավորների` պարզաբանում ակնկալող հարցերին տալ պատասխաններ, որոնք իրականում ոչ սխալ են, բայց ամբողջական չեն, և պատգամավորների մոտ թողնում են այն տպավորությունը, որ այն, ինչ ինքը ուզում էր լսել, լսեց: Այ էս որակի փառահեղ պատասխաններ էին»,- դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին` ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Պատգամավորը նշեց, որ այս նախագծով ավելացել է դեֆիցիտի սահմանաչափը. «Եվ այդ սահմաններում կառավարությունը կարող է կատարել միջծրագրային փոփոխություններ առանց սահմանափակման»:
Թանդիլյանի խոսքով` գործնականում ամեն բան կարելի է կապել կորոնավիրուսի հետևանքների վերացման հետ. «Արտակարգ դրությունը կավարտվի, բայց այս կարգավորումը կմնա, և կառավարությունը ինչ միջոցառում ուզենա` կանի»:
Նա ընդգծեց, որ իրենք որպես ընդդիմություն չպետք է վստահեն և հավատան. «Պարոն Ջանջուղազյան, խախտումներ արել եք և անելու եք, և մենք այստեղ չենք ունենալու հնարավորություն բացահայտելու և թույլ չտալու: Իսկ հիմա կանեք, կահազանգենք, ստատուս կգրենք, դուք էլ կասեք` մանիպուլացնում եք: Ես կարծում եմ, որ անգամ արտակարգ դրության պայմաններում կառավարությանը չպետք է թույլ տալ անսահման հնարավորություն` բյուջեի գումարներով անելու ծրագրեր առանց ԱԺ թույլտվության»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































