Այսօր՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է 2020թ. պետբյուջեի մասին օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Պառլամենտի կողմից վերահսկողության գործիքակազմը այս տարվանից հետո ավելանալու է, այլ բան է, թե մեր վրդովված ընդդիմադիր գործընկերները որքանով կօգտվեն դրանից»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը` հավելելով, որ այս փոփոխությունները ժամանակավոր են:
Նրա խոսքով` եթե իր առջև դրված դիմակը չլիներ, ինքը կկասկածեր, որ երկրում արտակարգ իրավիճակ է, և կորոնավիրուս կա. «Այնպիսի ելույթներ հնչեցին, որ ես շփոթության մեջ գտնվեցի»:
Անդրադառնալով Գևորգ Գորգիսյանի ելույթին` Մխիթար Հայրապետյանն ասաց, որ կխնդրի պարետատանը քննարկման դնել նոր սոցիալաան միջոցառման հարց. «Ասենք, որոշ պատգամավորների շաքարաջուր կամ մեղրաջուր մատակարարել, որպեսզի թարմացվի որոշ քաղաքական գործիչների հիշողությունը»:
Դիմելով Անի Սամսոնյանին էլ` նա ասաց. «Տիկին Սամսոնյան, ես կարող եմ ենթադրել ձեր ագրեսիայի պատճառը, բայց կարծում եմ` ձեզ հարիր չէ ԱԺ փոխնախագահի հասցեին նման վիրավորական հայտարարություններ անելը»:
Ընդհանրացնելով իր ելույթը` Մխիթար Հայրապետյանն ասաց. «Ինձ թվում էր, որ այս կորոնավիրուսը մոլորակի վրա ուրախացրել է միայն 7 հոգու (խոսքը ՍԴ անդամների մասին է), բայց վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն օր այդ թիվն աճում է»:
Խոսելով քննադատությունների կարևորության մասին` նա նկատեց, որ դրանք շատ տարբեր են. «Մեկի քննադատության տակ կա հոգատարություն, մյուսի տակ` թույն»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































