Արդեն պատրաստ է մանկական Եվրատեսիլ 2011-ի տարբերանշանը և նշանաբանը: Տարբերանշանի վրա պատկերված են սարեր, իսկ նշանաբան է՝ «Հասիր բարձունքի»:
Ի դեպ, մանկական Եվրատեսիլը այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 3-ին մարզահամերգային համալիրում: Այս պահի դրությամբ մասնակցության հայտ է ներկայացրել 12 երկիր՝ Բելառուս, Բելգիա, Լիտվա, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, սակայն սա վերջնական ցանկը չէ, և հնարավոր է՝ ավելանան մի քանի երկիր ևս: Այս պահին հարևան երկրներից Թուրքիան և Ադրբեջանը հայտեր դեռ չեն ներկայացրել:
Կազմակերպիչները նշել են, որ թեև երեկ պետք է ավարտված լիներ մանկական Եվրատեսիլին մասնակցելու հայտեր ներկայացնելու ժամկետը, բայց այս պահին ներկայացված է 50 հայտ, և վերջնաժամկետը երկարաձգել են մինչև օգոստոսի 20-ը, որից հետո կկատարեն ընտրություն՝ շեշտելով, որ ընտրությունը օբյեկտիվ է լինելու: Մեր դիտարկմանը, որ այս տարի մանկական Եվրատեսիլի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, մասնավորապես՝ այս տարի Եվրատեսիլին հրաժարվել է մասնակցել Սերբիան, Մանկական Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը պատասխանել է, որ նախ՝ մասնակիցների առավելագույն թիվը 18-ն է, դրանից ավելին չեն ընդունում։ Անցյալ տարի եղել է 14 մասնակից, այս տարի 12-ն են, բայց դեռ մի քանի երկիր հնարավոր է՝ համալրեն շարքերը, իսկ չմասնակցելը հիմնականում կապված է ֆինանսական խնդիրների հետ, քանի որ, Գոհար Գասպարյանի խոսքերով, այն անմիջապես հետևում է մեծերի Եվրատեսիլին, և հեռուստանընկերությունները չեն հասցնում։ «Շատ երկրներ ցանկություն են հայտնել մասնակցելու, նշել են, որ շատ են ուզում գալ, սակայն թե՛ Սերբիան, թե՛ Բոսնիա-Հեցեգովինան, թե՛ Կիպրոսը, թե՛ Հունաստանը, թե՛ Պորտուգալիան՝ երկրների մի մեծ ցանկ, ֆինանսական խնդիների պատճառով չեն գալիս: Օրինակ՝ Գերմանիան մեկնաբանեց, որ խնդիր ունի հեռարձակման ժամի հետ կապված, այսինքն՝ այդ ժամին, երբ հեռարձակվում է մանկական Եվրատեսիլը, իրենց մոտ կան ֆիքսված հաղորդումներ, որոնք չեն կարող տեղափոխվել, իսկ եթե ձայնագրեն, հետո ցույց տան, անիմաստ է դառնում, քանի որ չեն կարող քվեարկել»,- ասել է Գոհար Գասպարյանը:
«Կարելի՞ է ասել, որ հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէ» հարցին Գոհար Գասպարյանը պատասխանել է, թե, մեծերի Եվրատեսիլի համեմատ, մանկականը պակաս է հետաքրքրում, բայց այնպես չէ, որ չեն ուզում մասնակցել, պարզապես ինչ-որ խնդիրներ կան, որոնք թույլ չեն տալիս:









































