Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ է տալու այս օրենքի նախագիծը, արդյոք այս նախագիծը իրավական ձևավորումն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումների, որ «յուրաքանչյուր թալանված գումար վերադարձվելու է պետբյուջե, նշեց. «Կարելի է ասել նաև այդպես, քանի որ այս օրենքը հնարավորություն է ընձեռելու ետ բերել տարիների ընթացքում ապօրինաբար օրինական տնտեսական շրջանառությունից դուրս բերված գույքը: Գործիքակազմի տեսանկյունից՝ այս ինստիտուտը օգնության է հասնելու, որպեսզի հնարավոր դարձնի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը քաղաքացիական եղանակով:
Այս օրենքը թիրախավորում է հայտարարատու պաշտոնատար անձանց կամ նախկին պաշտոնյաներին, ինչպես նաև այն անձանց, ովքեր կասկածվում են որոշակի հանցագործությունների կատարման մեջ կամ մեղադրվել են որոշակի խումբ հանցագործությունների կատարման մեջ: Օրինապահ քաղաքացին կարող է շատ հանգիստ լինել, որովհետև երբևէ չի կարող հայտնվել այս օրենքի կարգավորման շրջանակների տիրույթում, իհարկե խոսքն այն քաղացիներին չի վերաբերում, ովքեր իրենց անունով ունեն գույք, որի իրական շահառուն պաշտոնատար անձ է»:
Ըստ օրենքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը: Փոխնախարարը վստահեցրեց, որ այս օրենքը չի հավակնում դառնալ մահակ քաղաքական հարցեր լուծելու համար:
Մանրամասն՝ տեսանյութում:









































