ՀՀ առողջապահության նախարարության և առհասարակ կառավարության քայլերը կորոնավիրուսի դեմ պայքարի գործում արդյունք տալիս են, ժամանակին են ու թիրախային։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։ Ոլորտի մասնագետի խոսքերով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներին, ու այդ քայլերի արդյունավետությունը երևում է ամենօրյա հրապարակվող ցուցանիշներով։
«Ունենք վատ թե լավ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Կան ուղեցույցներ, որոնց հետևում է մեր նախարարությունը։ Քայլերը արդյունավետ են, ժամանակին են, թիրախային են։ Արդյունավետությունն էլ կարող ենք ամենօրյա հրապարակվող ցուցանիշներով գնահատել։ Ամբողջ աշխարհում ամեն օր վիճակագրական տվյալներ են հրապարակվում։ Աշխարհում մահացության միջին ցուցանիշը 1 մլն բնակչության հաշվով կազմում է 15,4 տոկոս։
Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 5 տոկոսի սահմանում։ Ուստի մեզ մոտ 3 անգամ ավելի նվազ ցուցանիշ է արձանագրվում՝ համեմատած համաշխարհային միջին ցուցանիշի հետ։ Ձեռնարկված միջոցառումները արդյունք են տալիս։ Հիվանդացության մակարդակով կարող ենք գնահատումներ անել, ուղղակի հայտնաբերման տեսանկյունից երկրները համեմատել դժվար է, քանի որ տարբեր մեթոդներ են կիրառվում»,- մանրամասնեց Արարատ Մկրտչյանը։
Խոսելով ԱԺ-ի կողմից ընդունած օրենսդրական այն փաթեթի մասին, համաձայն որի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկվելու են նաև այն բուժհաստատությունները, որոնք չունեն ինֆեկցիոն բաժանմունքներ, Արարատ Մկրտչյանը նշեց՝ վիրուսի տարածման տեսանկյունից այդ որոշումը ռիսկային չէ։ «Ռիսկեր չեն առաջանա։ «Բնակչության բժշկական օգնության ու սպասարկման մասին» օրենքում փոփոխություն է արվում, որպեսզի լիցենզավորման պարտադիր պահանջը արտակարգ իրավիճակի ժամանակ չգործի, ու համաճարակի դեմ պայքարը լինի արդյունավետ։
Բոլորիս հայտնի է, որ մենք հզորության խնդիրն ունենք։ Մեկ ինֆեկցիոն հիվանդանոցով խնդիրը լուծել չի լինում։ Առողջապահության նախարարության կողմից այդ նպատակով պատրաստված 9 հիվանդանոց ունենք։ Պարզապես այստեղ իրավական ձևակերպման հարցն է, որպեսզի լիցենզիայի պահանջը առժամանակ կասեցվի։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ կորոնավիրուսով հաստատված հիվանդներ են ապաքինվելու, այդտեղ այլ բաժանմունքներ չեն գործելու։ Վտանգ չի լինելու վիրուսի տարածման։ Բոլոր մնացյալ բաժանմունքները փակվելու են։ Համաճարակից հետո այդ հիվանդանոցները նորից վերապրոֆիլավորվելու են»,- մանրամասն ներկայացրեց նախկին նախարարը։
Նշենք, որ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ տնտեսական գործունեության ոլորտում սահմանափակումները որոշ չափով հանվել են։ Թույլատրվել է մի շարք ոլորտներում աշխատանքային գործունեությունը, որը, սակայն, կատարվելու է սանիտարական պայմանների խստագույն պահպանմամբ։ Հանրային առողջության, վիրուսի տարածման ու կանխարգելման տեսանկյունից ոլորտի նախկին ղեկավարը կարծիք հայտնեց՝ պարետատունը շատ հստակ չափորոշիչների հիման վրա է ընտրել ոլորտները, որտեղ հնարավոր է ապահովել վերահսկողություն։
«Ես մի առիթով ասել եմ, նորից եմ ուզում կրկնել։ Այնպես չէ, որ վիրուսը եկել է Հայաստան ու պտտվում է, մենք բոլորս թաքնված ենք, ասում է՝ էս մարդիկ հեչ հյուրասեր չեն, չեն ընդունում ինձ ու թողնի հեռանա Հայաստանից։ Վիրուսը մնալու է։ Երբ էլ դուրս գանք, հավանականություն կա, որ կհանդիպենք։ Այսինքն՝ քայլ առ քայլ, աստիճանական հանդիպելը, աշխատանքի դուրս գալը, հանրային շփումները վաղ թե ուշ պետք է սկսել իրականացնել։ Պարետատունը շատ հստակ չափորոշիչների հիման վրա է ընտրել ոլորտները, որտեղ հնարավոր է ապահովել վերահսկողություն, որպեսզի վարակի նորից տարածման հնարավորությունը հասցվի նվազագույնի։
Իրավիճակի գնահատման տեսանկյունից, եղած ցուցանիշները հուշում են, որ աստիճանական կարելի է նման քայլերի գնալ, ոչ թե միանգամից բոլոր ձեռնարկությունները սկսեն աշխատել։ Բնականաբար, սխալ կլիներ, եթե բոլորն ասեին՝ վերջ, վաղը դուրս ենք գալիս ինքնամեկուսացումից, բայց պարետատան կողմից կիրառվող աստիճանական պրոցեսն ունի հիմքեր»,- կարծիք հայտնեց Արարատ Մկրտչյանը։
Նրա խոսքերով՝ նման քայլերով հնարավորություն կունենանք նաև գնահատելու իրավիճակը։ «Հիմա մենք գիտենք, թե որ հիմնարկներն են աշխատելու, երկու շաբաթ դիտարկում կիրականացվի ու դրանից հետո կարելի է գնահատել՝ դեպքեր ունեցա՞նք, թե՞ ոչ»,- նշեց մեր զրուցակիցը։ Առողջապահության նախկին նախարարը միևնույն ժամանակ շեշտեց՝ ինքնամեկուսացումը մնում է լավագույն մեթոդը չհիվանդանալու ու չծանրաբեռնելու առանց այդ էլ ծանրաբեռնված առողջապահական համակարգը։







































