Հայաստանի կառավարությանը կարծես թե հաջողվեց մարել այսպես ասած՝ սոցիալական՝ թեկուզ խուլ բողոքի կամ ընդվզման ռիսկի առաջին ալիքը, որ ձևավորվում էր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի և ճգնաժամի պայմաններում: Այն խիստ բացասական և անորոշ կարճաժամկետ սպասումները, որ առաջացան երկու-երեք շաբաթ առաջ, կարծես թե հանդարտեցվել են այն միջոցառումների շնորհիվ, որոնք ընդունել է կառավարությունը բիզնեսին և քաղաքացիներին աջակցության համար: Միջոցառումների քանակը անցնում է արդեն տասնյակից, տարբեր են շերտային թիրախավորումները: Այդպիսով, սոցիալական բողոքի գեներացիայի վրա թանկարժեք միավոր հավաքելու ընդդիմադիր ուժերի և խմբերի փորձերը, կարծես թե, առաջին ալիքով տվեցին անհրաժեշտ կամ բավարար արդյունք: Դա նկատելի է անզեն աչքով: Սակայն, միաժամանակ, կասկածից վեր է, որ ընդդիմադիր ուժերը և խմբերը բաց չեն թողնելու պահը կամ հնարավորությունը, առավել ևս որ այն անկասկած լինելու է երկար և չի ավարտվելու առաջին ալիքով կամ մեկ փուլով: Դրա վկայությունն էր նաև նախօրեին խորհրդարանում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման մասին կառավարության որոշման քննարկումը, որտեղ ընդդիմադիր ուժերը դարձյալ սրել էին սոցիալական հարցադրումները: Ու թեև առաջին ալիքի ֆոնին դրանք այլևս հնչում են բավականին խլացված, այդուհանդերձ, կասկածից վեր է, որ կգա երկրորդ ալիքը:
Այստեղ քաղաքական դիմակայության արդյունքը կախված է լինելու երկու հանգամանքից: Նախ՝ որքանով արդյունավետ կլինի առաջին ալիքի պատասխանի հասցեականությունը: Այսինքն՝ կառավարությունը բաժանում է ոչ քիչ միջոցներ, թեև, իհարկե, դրանք միշտ էլ քիչ կլինեն հայաստանյան վաղեմի կարիքների շրջանակում: Այդուհանդերձ, կառավարությունը իրականացնում է իսկապես բավականին խոսուն ծրագրեր, բայց դրանց արդեն անմիջական, առարկայական հասցեականությունը պայմանավորված է լինելու ծրագրերի անմիջական իրագործման թե՛ բարեխղճությամբ, թե՛ օպերատիվությամբ, թե՛ նաև օպտիմալությամբ և, այսպես ասած, կոռուպցիազերծվածությամբ:
Այստեղ կա այդ ամենի քաղաքական կամք, անկասկած, սակայն, այդուհանդերձ կա նաև դեռևս պահպանվող առնվազն իներցիոն արատներով և անարդյունավետությամբ բաշխող համակարգ: Դա կառավարության մարտահրավեր է, որին դիմակայելուց է կախված, թե ինչպիսին կլինի երկրորդ ալիքի քաղաքական դիմակայության հարաբերակցությունն ու արդյունքը: Մյուսն այն է, թե հաջորդ փուլի համար կառավարությունն ինչպիսի ազդակներ կտա հանրությանը, ու այստեղ էական է լինելու թերևս ոչ այնքան կամ ոչ միայն ֆինանսական կողմը, այլ մեխանիզմների, գաղափարների, հայեցակարգերի՝ պետական, հանրային, տնտեսական կյանքի կազմակերպման և արժեհամակարգային ուղենշման տեսանկյունից: Այդ փուլը լինելու է իսկապես բեկումնային՝ ոչ միայն քաղաքական հարաբերակցության իմաստով:









































