WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարսնացուն՝ Ստելլա Մորիսը, կոչ է արել դատարանին գրավի դիմաց ազատ արձակել նրան առողջական խնդիրներից ելնելով՝ հաղորդելով, որ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը գտնվելու ժամանակ նրանք երկու երեխա են ունեցել, հաղորդում է բրիտանական Mail-ը:
Ըստ հեռուստաալիքի, Ստելլա Մորիսը 2017 թ.-ից նշանված է WikiLeaks-ի հիմնադրի հետ և նրանք երկու որդի ունեն՝ երկամյա Գաբրիելը և մեկ տարեկան Մաքսը:
Մորիսը կարծում է, որ իր սիրելիի կյանքին վտանգ է սպառնում: Բանտում, որտեղ նա գտնվում է, կորոնավիրուսով վարակի դեպքեր են արձանագրվել, բանտարկյալներից մեկը մահացել է այդ հիվանդությունից: Ասանժը օրական 23 ժամ գտնվում է մեկուսարանում և նրան բոլոր այցերը դադարեցված են:
Ավելի վաղ դատարանը հրաժարվել էր Ասանժին ազատել բանտից՝ առողջական վիճակի և կորոնավիրուսային վարակի վտանգից ելնելով, քանի որ նա խախտել է պայմանական ազատման պայմանները և թաքնվել արդարադատությունից:
2010 թ.-ին Շվեդիայում սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեջ մեղադրվող Ասանժը 2012-ի հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով սկանդինավյան երկիր արտահանձնումից: 2019 թ.-ի ապրիլի 11-ի առավոտյան նա կալանավորվել է Միացյալ Նահանգների խնդրանքով: Լոնդոնի դատարանը նրան մեղավոր է ճանաչել գրավի դիմաց ազատ արձակման պայմանները խախտելու համար և դատապարտել է 11 ամսվա ազատազրկման:







































