ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Դևալ Պատրիկը որոշել է դադարեցնել իր նախընտրական արշավը 2020 թվականի նախագահական ընտրությունների շրջանակում:
Ամերիյան լրատվամիջոցների փոխանցմամբ, 63-ամյա Պատրիկի որոշումից հետո ԱՄՆ-ի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից նախագահի պաշտոնի հավակնորդների թվում աֆրոամերիկացի չի մնացել: Նյու Հեմփշիրի նահանգում կայացած փրայմերիզում Պատրիկն զբաղեցրել է վերջին տեղերից մեկը:
Այսպիսով, ներկայում դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դառնալու համար պայքարին մասնակցում է ութ մարդ՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, Սաութ-Բենդ քաղաքի նախկին քաղաքագլուխ Փիթ Բութիջիչը, կոնգրեսական Թուլսի Գաբարդը, սենատոր Էմի Քլոբուշարը, սենատոր Բեռնի Սանդերսը, սենատոր Էլիզաբեթ Ուորենը և միլիարդատեր Թոմաս Սթեյերը:
Դեմոկրատների երեկ կայացած սկզբնական ներկուսակցական ընտրությունների փուլում հաղթանակ է տարել Սանդերսը, երկրորդ տեղում է Բութիջիչը, որին հաջորդում է Քլոբուշարը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերին: