«Ե՛վ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, և՛ Ազգային Ժողովի հանրաքվե անցկացնելու մասին որոշումը քաղաքական էր, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ 2015թ-ի սահմանադրական կարգավորումներն այնպիսին են, որ դրա մեջ ցանկացած փոփոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է Սահմանադրական Դատարանի համաձայնությունը։
Իմ կարծիքով՝ հարկավոր էր ավելի համակարգային փոփոխության գնալ, այսինքն՝ նկատի ունեմ, որ այս հանրաքվեով լուծվելու է Հրայր Թովմասյանի և մյուս անդամների հարցը, բայց բուն խնդիրը՝ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արձանագրեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով Սահմանադրական Դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և դրա հանգուցալուծմանն ուղղված Ազգային Ժողովի նախագծի վերաբերյալ հարցին:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Ազգային Ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին որոշման նախագիծը՝ կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այս նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ-ի վեց անդամների լիազորությունները, այսինքն՝ նախատեսվում է դադարեցնել մինչև 2018թ-ի ապրիլի 9 ընտրված ՍԴ -ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը: Սակայն նկատենք , որ սույն նախագիծը չի վերաբերում ՍԴ անդամներ Վահե Գրիգորյանին ու Արման Դիլանյանին:
Նշենք նաև, որ ըստ տարբեր գնահատականների՝ իշխող խմբակցության պատգամավորները սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնել մի հոդվածում, որը ԱԺ-ի պատգամավորների քվեարկությամբ էլ կարող էին ընդունել, սակայն ինչպես Ազգային Ժողովում այս առնչությամբ պարզաբանեց նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ իրենք ուզում են լսել նաև ՀՀ քաղաքացիների կարծիքն այս հարցում:
Այս համատեքստում Նորայր Նորիկյանը հավելեց. «Այն խնդիրը, որը վկայակոչում էր Փաշինյանը, թե նախորդ քաղաքական ռեժիմը գրել է այնպիսի Սահմանադրություն, որ ինչպիսի փոփոխություն էլ լինի դրանում, ՍԴ-ի եզրակացությունն անհրաժեշտություն է, հետևաբար այս հանրաքվեով միայն անդամների հարցն են լուծելու։ Ուստի հարց է առաջանում՝ հանեցինք Հրայր Թովմասյանին և մյուս անդամներին և եկան նորերը, բայց կրկին Սահմանադրության 168-րդ հոդվածը մնում է, իսկ այդ նորմը պահանջում է, որ Սահմանադրության մեջ փոփոխություներ իրականացնելու համար անհրաժեշտ է ՍԴ-ի համաձայնությունը»:
Վերջինիս խոսքերով՝ այս գործընթացը մեկ անգամ ևս ապացուցեց, որ գործող Սահմանդրությունն ուղղակի պատուհաս է մեր պետության ու ժողովրդի գլխին, այն իրական սպառանլիք է Հայաստանի այսօրվա ու վաղվա համար։
Ըստ փաստաբանի՝ այս Սահմանադրությունն ոչ միայն չի հաղթահարում իրավական ճգնաժամերը, այլև հենց ինքն է ստեղծում ճգնաժամ պետական տարբեր ինստիտուտների միջև:
«Այս Սահմանադրության նորմերը չեն գործում, հետևաբար այս փաստաթուղթը թղթի կտոր է, որը պետք է ամբողջությամբ պատռել ու նետել աղբարկղը»,-պնդեց մեր զրուցակիցն ու միևնույն ժամանակ հավելեց.
«Այնուամենայնիվ, եթե հանրաքվեն կայանա, ապա քաղաքական իմաստով նրա արդյունքները ստվերելու են 2018թ-ի արտահերթ խորհրդարանարանական ընտրությունների արդյունքները: Այս համատեքստում, հանրաքվեի նշանակությունը կրկնապատկվում է, քանի որ դրա արդյունքների հիման վրա է կառուցվելու առաջիկա ժամանակաշրջանի քաղաքական օրակարգը՝ դերակատարների հետ միասին կամ այլ կերպ ասած՝ հանրաքվեն լակմուսի թուղթ է՝ ցույց տալու համար, թե արդյո՞ք նախկին քաղաքական ռեժիմը և իր տարբեր սատելիտներ դեռևս պահպանո՞ւմ են իրենց նվազ կենսունակությունը, թե՞ ամբողջությամբ ջախջախված են. այս գործընթացը լինելու է քաղաքական դաշտը մաքրելու, հանրային ու քաղաքական նոր ուժերի համար մեկնարկի, ճիշտ դիրքավորման և առաջիկա տարիների համար էական դերակատարություն ունենալու առանցքային միջոց և հնարավորություն»:
Ինչ վերաբերում է այս ամենի կապակցությամբ ներկայիս իշխանությունների քաղաքական ընդդիմախոսների տարաբնույթ հայտարարություններին, ապա Նորիկյանը չցանկացավ դրանց անդրադառնալ՝ ասելով, որ քաղաքական պրոցեսներ են, որտեղ յուրաքանչյուրն ունի իր դիրքորոշումը և ինքը չի ցանկանում մեկնաբանել նրանցից որևէ մեկի հայտարարությունը:
«Սպասենք առաջիկա զարգացումներին, հիմա ժամանակն է հասկանալու հաջորդ քայլը»,-եզրափակեց նա:







































