«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտնի «Օֆշորի» գործով 6 տարի բանտում անցկացրած ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից արդարացվել է և 2020 թվականի հունվարի 31-ին քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվել:
Ինչպես հայտնի է, 2013 թվականին գործարար Փայլակ Հայրապետյանը հայտարարել էր, թե իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկերից մեկում, որը գնահատել է 33 միլիոն դոլար և դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինս, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Եվ, ահա, 2017 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Օֆշորի» գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին 16 տարվա ազատազրկման դատապարտեց:
Նա բողոքարկել էր վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում և Նոր Հայաստանում ճանաչվեց անմեղ: ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ Սուքիասյանը խարդախությամբ և փողերի լվացմամբ չի զբաղվել, այլ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափել է:
Գործարար Հայրապետյանը այս որոշումը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:









































