Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ միջազգային կառույցների կոշտ արձագանքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի հարցին պետք է մոտենալ երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ։ Այդ մասին Փաշինյանն ասել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։ «2019-ին մենք արձանագրեցինք հեղափոխությունից հետո անցումային կառավարման շրջանը, և մեր քննարկումների առանցքում էլ միշտ եղել է այն, որ պետք է ավելի ու ավելի շատ կարևորենք մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման և հիմնադրենք ու ներդնենք ռազմավարական կառավարման տրամաբանությունը: Կարծում եմ, որ 2020 թվականին հենց այդպիսի մի փուլ ենք թևակոխում, և մեր երկրում ինստիտուտների կայացումը, հակակշիռների և փոխզսպումների համակարգի ներդրումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է: Գիտեք, նաև արձագանքել եք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, եթե կարելի է ասել ճգնաժամին։ Մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, մեր երկրի ազգային և պետական շահերի տրամաբանությամբ, հակակշիռների և փոխզսպումների ճշգրիտ և աշխատող համակարգ ունենալու տրամաբանությամբ, որովհետև միայն այդ պարագայում է, որ մենք կունենանք անշրջելի ժողովրդավարություն, անշրջելի օրենքի գերակայություն՝ սրանից բխող հետևանքներով, և, իհարկե, անշրջելի Սահմանադրական իրականություն, որը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և մեր աշխատանքային քննարկումների առանցքում»,- դիմելով նախագահ Արմեն Սարգսյանին՝ ասել է Փաշինյանը և վերջում արձանագրել, որ ՀՀ նախագահի հետ ունեն ընդհանուր սկզբունքներ և պատկերացումներ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման ուղիների վերաբերյալ:
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքերով՝ վարչապետի արձանագրումը, որ ՍԴ հարցին պետք է մոտենալ երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, նշանակում է՝ իշխանությունների բավական կոշտ հայտարարություններից հետո, ամեն դեպքում, որոշում է կայացվել ՍԴ ճգնաժամի լուծումը իրականացնել բացառապես իրավական ճանապարհով՝ այն է, ՍԴ հարցը լուծել սահմանադրական փոփոխությունների շրջանակում։ «Ոչ միայն նախագահ-վարչապետ հանդիպումը, այլ եթե վերջին իրադարձությունները հաշվի առնենք, ապա իշխանությունը փորձում է ի վերջո լուծել այն խնդիրը, որը պետք է լուծած լիներ շատ ավելի շուտ։ Արդարադատության նախարարը ևս արդեն նշել է, որ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու ճիշտ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են։ Վերջապես հասկացել են, որ ճիշտ ճանապարհը սահմանադրական փոփոխություններն են։ Կարծում եմ, որ վարչապետ-նախագահ հանդիպման ժամանակ հենց քննարկվել է սահմանադրական փոփոխությունների հարցը՝ հաշվի առնելով նաև, որ դատաիրավական համակարգի խնդիրները լուծելուց բացի, նաև իշխանության վերաբաշխման որոշակի գործողություններ պետք է արվի, և իշխանության որոշակի գործառույթներ պետք է փոխանցվեն վարչապետից ԱԺ-ին ու նախագահին»,- ասաց Ղևոնդյանը։
Քաղաքագետը մտահոգիչ չի համարում ՍԴ ճգնաժամի հարցը սահմանադրական փոփոխությունների շրջանակում թողնելուն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս ժամկետներ չեն ուրվագծվում, և գուցե ՍԴ փոփոխությունները բավական երկար տևեն։ «Թավշյա հեղափոխությունից համարյա 2 տարի է անցել։ Այս ժամկետը լիովին բավարար էր խնդրի լուծման համար։ Հենց իշխանությունների թերացումն է, որ մենք դոփում ենք տեղում։ Այնուամենայնիվ, սահմանադրական փոփոխությունների ժամկետը ևս կախված է իշխանություններից։ Ես բավական կասկածանքով եմ վերաբերում ձևավորված հանձնաժողովին, բայց եթե այդ հանձնաժողովը կարողանա գործընթացները վերադարձնել իր տրամաբանական ընթացքին և ստեղծել այդ հիմքերը, որ սահմանադրական փոփոխությունները հնարավորինս արագ լինեն, ապա կարծում եմ, որ 1-2 տարի սպասելու առիթ չի լինի և հնարավորինս սեղմ ժամկետներում հնարավոր կլինի ստանալ այն, ինչ նպատակադրված է»,-ասաց Ղևոնդյանը՝ հավելելով, որ, ի վերջո, այսօրվա իշխանությունն ունի այնքան լեգիտիմություն, որ ի վիճակի է սահմանադրական փոփոխությունները դնել հանրաքվեի ու անցկացնել։ «Ժողովրդի աջակցությունը վայելող իշխանությունը չպետք է վախենա սահմանադրական փոփոխությունները դնել հանրաքվեի»,- եզրափակեց քաղաքագետը։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքերով՝ այս հանդիպումը միանշանակ դրան նախորդած՝ Արևմուտքից համակարգված ճնշման հետևանք էր, ու թեև իշխանությունը փորձում էր ցույց տալ, թե դա իր վրա չի ազդում, բայց ակնհայտ է, թե հարցը իշխանությունների համար շատ կարևոր է, և հիմա թեկուզ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումով խնդիր է դրվել նորմավորել կորցրած իմիջը։ «Դրանով է պայմանավորված, որ հանդիպման մեխը եղել է հենց Սահմանադրական դատարանի հարցը։ Ընդ որում, եթե խոսք է գնացել հարցին ինստիտուցիոնալ մոտեցման մասին, ապա կարծում եմ, որ դա ավելի շուտ նախագահի առաջարկ է եղել՝ հարցերին տալ համակարգային լուծումներ, այլ ոչ թե պահի ազդեցության տալ լոկալ խնդիրներ լուծելու, որը դրսում ոչ մի կերպ չի հասկացվում։ Դրսում ՍԴ-ի շուրջ քայլերը, դրա հետ կապված օրենսդրական փոփոխությունները դիտարկվում են որպես մեկ խնդիր լուծելու համար փոփոխություն։ Դա չի դիտարկվում որպես հարցի համակարգային լուծում։ Հետևաբար կարծում եմ, որ դա է պատճառը, որ այլևս խնդիր է դրվել հարցին տալ ինստիտուցիոնալ լուծում, այլ ոչ թե դնել մի մարդու փոփոխության հարց»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը։








































