ՆԱՏՕ-ի՝ մայիսի սկզբին նախատեսված «Գարնանային փոթորիկ» զորավարժություններին մասնակցելու համար Լիտվա է ժամանել և առնվազն մինչև տարվա վերջ այնտեղ կգտնվի ԱՄՆ-ի օդադեսանտային ստորաբաժանումը: ITAR-TASS-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է բալթյան երկրի պաշտպանական գերատեսչությունը:
«Ողջունում ենք տարածաշրջանի անվտանգության ապահովման ուղղությամբ մեր դաշնակիցների ակտիվ ջանքերը, որոնք իրագործվում են հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի պայմանագրի շրջանակներում»,- հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը:
Լիտվա է ժամանել ամերիկացի մոտ 150 զինծառայողից կազմված ստորաբաժանում: Պաշտպանության նախարարը նշել է, որ ամերիկյան ստորաբաժանումը տրամադրել է զորավարժանքների համար անհրաժեշտ տեխնիկա ու սպառազինություն և կմասնակցի Լիտվայի ցամաքային զորքերի բոլոր պլանային զորավարժություններին:









































