Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն առաջարկում է ուկրաինական ճգնաժամի լուծման համար կլոր սեղան անցկացնել հակամարտության բոլոր մասնակիցներով և համատեղ այցելել մի շարք ուկրաինական տարածաշրջաններ: Այս մասին գրում է Sueddeutsche Zeitung-ը: Ըստ Շտայնմայերի՝ խոսքն արագ փոփոխությունների հասնելու մասին է:
ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի նախագահին ուղղված նամակում Շտայնմայերն ուկրաինական ճգնաժամի լուծմանն ուղղված գործունեության ակտիվացման կոչ է արել: Նամակի պատճենը ստացել են նաև ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ռուսաստանը և Ուկրաինան:
Գերմանացի նախարարը կարծում է, որ ճգնաժամի լուծման համար կլոր սեղանների կազմակերպումը կարող է հաջող լինել, եթե այդ նախաձեռնությունը ստանա ապրիլի 17-ի ժնևյան հանդիպման մասնակից երկրների քաղաքական աջակցությունը:
Շտայնմայերի կարծիքով՝ հենց այդ երկրների ներկայացուցիչները կարող են նաև այցելել Ուկրաինայի արևելյան և արևմտյան տարածաշրջաններ՝ տեղում իրավիճակի գնահատման համար:










































