Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ զեկույց է հրապարակել Միջազգային ճգնաժամային խումբը, որը ներառում է մի շարք փորձառու դիվանագետների, փորձագետների, վերլուծաբանների: Խումբն արձանագրում է, որ արցախյան հարցում ստեղծվել է փակուղուց ելքի, բեկման հնարավորություն՝ նշելով, որ հայկական և ադրբեջանական դիրքորոշումները շարունակում են մնալ խիստ իրարամերժ: Խումբն այդուհանդերձ եզրակացնում է, որ կան միմյանց ընդառաջ գնալու հնարավորություններ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը, «ժողովրդավարական համախմբում նախաձեռնության անդամ Սուրեն Պետրոսյանը և վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Ճգնաժամային խումբն առաջարկում է ԼՂ հարցում բանակցել առանձին ուղղություններով, ոչ թե մեկ փաթեթի շրջանակում: Հակոբ Բադալյանի խոսքով՝ այն երեք ուղղությունները, որոնք մատնանշում է խումբն իր զեկույցում, բացարձակապես հիմք չեն տալիս խոսել փակուղու մասին: «Մատնանշվող տարբերակները առավելապես միտված են Ադրբեջանի դիրքորոշման սպասարկմանը: Դրանք նոր չեն, Մադրիդյան սկզբունքների տրամաբանության մեջ ակնկալվող քայլեր են… Խորքային իմաստով սա այլ բան չէ, քան Հայաստանի և Արցախի անվտանգության սպառնալիքի մեծացում, անվտանգության ներկայիս համակարգի խաթարում»,- ընդգծեց վերլուծաբանը՝ հավելելով, որ այս ամեն ինչը դիտարկել որպես փակուղուց ելք, առնվազն տարօրինակ է:
Սուրեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ այդ զեկույցում կառուցողական ոչինչ չկար, և այնտեղ նշված կետերի շուրջ խոսելն արդեն ժամանակավրեպ է. «Դրանք Մադրիդյան սկզբունքներից ածանցյալ կետեր են՝ մի փոքր ձևափոխված: Մադրիդյան սկզբունքների բոլոր կետերը չէ, որ հայտնի են»: Քաղաքագետի դիտարկմամբ՝ Մադրիդյան սկզբունքներում ներառված կետերը չեն համապատասխանում ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններին և սոցիալ-տնտեսական մարտահրավերներին:
Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ այս ֆոնին երեկ տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, նշեց, որ դա նախապես պլանավորված էր: Նրա խոսքով՝ դա հերթական աշխատանքային հանդիպում էր. «Չեմ կարծում, թե կարելի է դիտարկել դրսից եկող իմպուլսների տրամաբանության ենթատեքստում»:
Ի թիվս այլ հարցերի, քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև Հայաստանում օրենքի հետ խնդիրներ ունեցողների՝ Ռուսաստանում հայտնվելու փաստին, մասնավորապես նախկին դատավոր Սամվել Ուզունյանի՝ Հայաստանից փախուստին: Հիշեցնենք՝ Սամվել Ուզունյանը հատել է ՀՀ պետական սահմանը. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: «Ուզունյանի փախուստը բավականին խոր շերտեր ունի: Սա կարելի է նաև դիտարկել որպես հայ-ռուսական հարաբերությունների վերափոխման գործընթացի հարակից, արատավոր էֆեկտ»,- նշեց Հակոբ Բադալյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:




































