Hraparak.am-ը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ զրուցել է քաղաքական իրավիճակի և կուսակցության անելիքի շուրջ:
– Վարչապետի հեռանալով, ընդդիմադիր ուժերը, որոնք մի պահ ակտիվացել էին, լռեցին, և այժմ քաղաքական դաշտում դադար է: Ի՞նչ եք անում Դուք:
– Ձեր նշած ուժերն իրենց ոչ իշխանական ուժեր են համարում և վախենում են «ընդդիմություն» բառից, ինչը շատ տխուր է: Պատճառները շատ են, և ես չեմ ուզում մեկնաբանել: Հիմա ինչ ենք անում մենք: Մենք հստակ ասել ենք, որ մեծ վտանգ ենք տեսնում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության և ԵվրազԷՍ մտնելու մեջ, որովհետև գտնում ենք, որ Հայաստանը պետք է վերցնի զարգացման եվրոպական ուղին: Ակնհայտ է, որ մեր մոտեցումները հասարակական լայն զանգվածի մոտ վախ և վտանգի զգացողություն են առաջացնում, բայց նույնիսկ իշխանության անցկացրած հարցումներով, որոնք «Գելափ ինտերնեյշնլ»-ն է արել, մարդկանց մոտ 35 տոկոսը կողմ է արևմտյան ուղուն, ինչը քիչ չէ: Չեմ կարծում, որ նրանց այսօր փողոց հանելն իրատեսական է, բայց այդ մարդկանցով հնարավոր է հասնել լուրջ քաղաքական ձեռքբերումների՝ հերթական, թե արտահերթ, և մենք նախապատրաստվում ենք դրան: Կարծում եմ, որ առաջիկայում մեզ նման մոտեցում ունեցող քաղաքական ուժերի կողմից գործողություններ կլինեն, միտված թե միավորման, թե միասնական գործելուն:
– Կադրային փոփոխությունների շրջան է: Վարչապետ նշանակվեց մարդ, որը Ձեր մարզից է, և որին լավ գիտեք: Ձեր գնահատականը՝ այս նշանակման հետ կապված:
– Կառավարության հրաժարական պահանջող բոլոր ուժերն էլ Հայաստանի երրորդ հանրապետության իշխանության մեջ բարձր դիրք են գրավել և լավ գիտեն, որ երկրի նախագահն է վավերացնում ցանկացած որոշում: Վարչապետն այնքանով ազդեցություն ունի, որքանով նա խորհրդարանում մեծամասնություն ունի: Այդպիսի վարչապետ էր իմ եղբայրը՝ Վազգենը: Երբ որ խորհրդարանի մեծամասնությունն իրենն էր, ինքն ազդեցություն ուներ և ինքն էր թե քաղաքական, թե տնտեսական ոլորտներում որոշողը: Նախնական շրջանում այդպիսի ազդեցություն ունեի ես և ես մինչև վերջ ինքնուրույն էի և որևէ գործարքի չգնացի:
– Բայց դժվա՞ր է մնալ վարչապետ և չգնալ գործարքի: Ճնշում կա՞ր նախագահի կողմից: Ազատության աստիճանն ինչքա՞ն է:
– Երբ որ նախագահը հակված է ինտրիգային, ստվերային բանակցությունների, սեփական աթոռը պահելը համարում է գերկարևոր, ավելի, քան պետության շահը, այս դեպքում ուղիղ խաղացողները միշտ պարտվում են ինտրիգային խաղացողներին: Պաշտոններ, կոչումներ են գործի դնում և այլն, և այս ենթատեքստը բերեց Հայաստանի այս օրվան: Հաղթեցի՞ն իրենք: Իմ կարծիքով՝ ոչ: Պարտվեցի՞ ես իմ վարչապետության շրջանում: Ես համարում եմ, որ ոչ: Ես չեմ ամաչում իմ վարչապետության շրջանի համար: Համոզված եմ, որ իմ երեխեքն էլ դրա համար չեն ամաչելու: Ավելին, համոզված եմ, որ երբ Հայաստանի ազգային անվտանգության արխիվները բացվեն, կերևա, թե Մեղրիի տարբերակում ես ինչ եմ արել, երկրի արդյունաբերական զարգացման հարցում ինչեր եմ արել:
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ տարբեր թեկնածուներից ընտրվեց Աբրահամյանը:
– Տեսեք, այսօր աննկարագրելի կարկուտ էր Արարատում: Սա շատ ավելի կարևոր է, քան այն, թե վարչապետն ով է: Դրանից բան չի փոխվելու: Եվ սպասարկող երկրները, ինչպես Քոչարյանն էր ասում, և այն երկրները, որոնք գյուղատնտեսության վրա են հենվում, միշտ այսպիսի բաներից կախված են լինելու: Հերիք է ոչ բարենպաստ տարի եղավ, սոված են մնալու, որովհետև արդյունաբերությունը թողել են մի կողմ: Ոչ մեկը չի ուզում խորանալ, բոլորն ուզում են հումք վաճառել և հնարավորինս շատ հարստանալ: Այսօր իշխանության, պաշտոնների նշանակում են նրանց, ովքեր հարուստ են: Նայեք ինքներդ. Սյունիքի մարզպետից, Արարատի մարզպետից մինչև վարչապետ՝ տեսեք ովքեր էին թեկնածուները, և ում նախընտրեցին: Միանշանակ նրան, ով հարուստ է: Նույնն էլ առաջարկվում էր ԱԺ-ում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ Hraparak.am-ում
Լուսանկարը՝ Photolure-ի









































