Դատարանը դեկտեմբերի 10-ին ոչ իրավաչափ է ճանաչել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման որոշումը: Իսկ դեկտեմբերի 22-ին դատարանը մերժել է նրան կալանավորելու մասին քննիչների միջնորդությունը՝ գտնելով, որ հիմնավորված չեն նրան կալանավորելու համար հիմքերը: Հիշեցնենք՝ Ռ. Աբրահամյանը ձերբակալվել էր օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին իրավապաշտպան Արման Ղարիբյանը, փաստաբան Գևորգ Դավթյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:
Գևորգ Դավթյանի խոսքով՝ մեր հասարակության մեջ կա կարծրատիպ. խնդրի մասին բարձրաձայնում են, բայց հաղորդում չեն ներկայացնում դատարան: «Երբ որ դատարանը հիմնավոր կասկածի հիմքով է անձին ազատում, դա նշանակում է բավարար ապացույցներ չկան»,- նշեց փաստաբանը: Նա նաև ընդգծեց, որ դատական համակարգի վրա կառավարության և վարչապետի կողմից ճնշումներ չկան, ինչը դրական առաջընթաց է:
Մարիա Կարապետյանը հիշեցրեց, որ այս մասին մեկ տարի առաջ խոսել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Այս հանցավոր կծիկը բացվեց վարչապետի աշխատակազմի, արդարադատության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների աչալուրջ աշխատանքի, փաստաթղթերի ուսումնասիրման շնորհիվ… Օգոստոսին կառավարությունում աշխատանքային խումբ ձևավորվեց, որը պետք է ուսումնասիրեր թե՛ օրենսդրական խնդիրները և որդեգրման ինստիտուտի բարեփոխումները, թե՛ նաև փաստահավաք աշախատանք իրականացներ կոնկրետ երեխաների որդեգրման դեպքերով և ստացված նյութերը փոխանցեր իրավապահ մարմիններին»,- նշեց պատգամավորը:
«Այսպիսի աղմուկ բարձրացրած գործով, երբ դատավորները գիտեն, որ հանրությունը մանրադիտակով է նայում իրենց, այսպիսի որոշում կայացնելը նման կլիներ ինքնասպանության, եթե կալանքի հիմքերը ամուր լինեին,- նշեց Արման Ղարիբյանը:- Զարմանալի է, որ գործող իշխանությունները չեն շտապում փոխել փնթի և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի որակներ դրսևորող մասնագետներին, ինչի պատճառով խեղվել են ճակատագրեր: Իրավապահ մարմինների ոչ լիարժեք աշխատանքը շարունակում է Հայաստանի համար մնալ որպես թիվ մեկ մարտահրավեր»:
Մանրամասն տեսանյութում:









































