Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ներողություն է խնդրել իր ընտանիքի հետ Հավայան կղզիներ մեկնելու համար՝ երկրում բռնկված անտառային հրդեհների ժամանակ, հայտնում է Associated Press-ը:
Մորիսոնն ընդհատել է ընտանեկան արձակուրդը և վերադարձել Ավստրալիա՝ նրա բացակայության պատճառով հասարակության դժգոհության ֆոնին:
Վարչապետը հայտարարել է, որ ընդունում է իր հասցեին հնչած քննադատությունը: Նա նաև շեշտել է, որ ազգային ճգնաժամը «քաղաքական միավորներ շահելու» ժամանակը չէ և ավստրալացիներին հորդորել է բարի լինել միմյանց հանդեպ:
Ավստրալիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան մեկ միլիոն հեկտար անտառ է ոչնչացել: Եղել են նաև մարդկային զոհեր, այրվել են բնակելի տներ:








































