ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 25-ամյակի միջոցառման ժամանակ նշեց՝ այս կրթօջախը հիմնված է հայ ժողովրդի ազատագրական պայքարի, փառահեղ հաղթանակի վրա:
«Այս շինությունը պիտի որպես հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության ողնաշար ամրանա, կառուցվի, ամուր կանգնի հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պաշտպանության դիրքերում: Ռազմական համալսարանի հազարավոր շրջանավարտներ ծառայություն են իրականացրել, փառապանծ ծառայություն Զինված ուժերում, և դրա վրա է հիմնված այսօրվա հզոր, մարտունակ, վստահ ՀՀ բանակը, Արցախի պաշտպանության բանակը»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ ռազմական համալսարանն այս ընթացքում ունեցել է բազմաթիվ փառապանծ էջեր, ունեցել է նաև դժվար էջեր, և եկել է ժամանակը, որ իրենց առաջ նոր խնդիրներ դնեն: Տոնական այս օրը վարչապետը խոսեց նաև այդ նոր խնդիրների մասին, ուղերձով դիմեց ռազմական համալսարանի կուրսանտներին, դասախոսական անձնակազմին ու ծառայողներին:









































