Սերժ Սարգսյանի ստեղծած կոալիցիոն աշխատանքային խմբում, որի մասին օրերս հայտարարեց նրա մամուլի խոսնակը, բավական հետաքրքրական իրավիճակ է առաջանում, երբ դիտարկում ենք Հայ ազգային կոնգրեսի հետ պատվիրակության հնարավոր քննարկումները:
Ի՞նչ են քննարկելու կոալիցիոն պատվիրակության ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական անդամները, ինչպես են իրենց պահելու, ինչ շեշտադրումներ են անելու: Ակնհայտ է, որ այսօր իշխանական ճամբարում ՀՀԿ և ԲՀԿ ջրերը բոլորովին էլ նույն առվով չեն հոսում, և այդ իմաստով իշխանական պատվիրակությունում ստացվում է որոշակի երկակիություն, երկփեղկում: Նաև հենց այդ տեսանկյունից է կարևոր, որ հստակվի, թե ի վերջո ինչ մանդատով է պատվիրակությունը բանակցելու Կոնգրեսի հետ, կամ իրենց լեզվով ասած՝ աշխատանքային քննարկումներ անցկացնելու:
Եվ դա առաջին հերթին անհրաժեշտ է նախ և առաջ հենց կոալիցիոն պատվիրակության անդամներին: Խոսքն իհարկե ՕԵԿ-ի մասին չէ, քանի որ այդ կուսակցությունը պատվիրակությունում է ընդամենը ձևի համար, կամ ամոթի խաթեր, կամ էլ որպես բալաստ՝ անհրաժեշտ պահին դրանից ազատվելու համար: Թեև հնարավոր է իհարկե, որ աշխատանքային քննարկումների ընթացքում ջուր-մուր բերելու անհրաժեշտություն լինի, պատուհան բացելու կամ կոնդիցիոները ուժեղացնելու-թուլացնելու: Սակայն Բարգավաճ Հայաստանին օրինակ շատ անհրաժեշտ է, որ պատվիրակության մանդատը հստակեցվի և պարզ լինի, թե իրենք ի վերջո ում են ներկայացնում այդ աշխատանքային քննարկումներ-բանակցություններում: Միգուցե այդ հարցը կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ քննարկել ու ստացել է որոշակի պատասխաններ, սակայն դա երևի թե շատ քիչ է, քանի որ կա հասարակություն, որի աչքի առաջ է լինելու այդ ամենը, հետևաբար հանրությունը պետք է հասկանա, թե ԲՀԿ-ն ինչ խաղի կանոն է ընդունել տվյալ պարագայում:
Չէ՞ որ հատկապես վերջին շրջանում ակնհայտ է, որ Բարգավաճ Հայաստանը որոշակի ուրույն կանոններով և մարտավարությամբ է փորձում հանդես գալ, և այդ տեսանկյունից կոալիցիոն պատվիրակության մեջ նրա դերը կարող է հակասության մեջ մտնել հենց նույն այդ մարտավարության հետ, ինչը հանրության աչքից անկասկած չի մնա աննկատ: Ահա թե ինչու մասնավորապես ԲՀԿ-ն պետք է շահագրգռված լինի կոալիցիայի պատվիրակության ներսում դերերի հստակ բաշխման, հստակ մանդատների ձևավորման և դրանք հասարակությանը մատուցելու հարցում:
Հակառակ պարագայում, ԲՀԿ մասնակցությունը կարող է որոշակիորեն լղոզված ստացվել, կամ էլ Բարգավաճ Հայաստանը այդ քննարկումների ընթացքում որոշակիորեն վերածվելու է ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի, այլ նաև ՀՀԿ-ի օպոնենտի, իսկ եթե իրավիճակը մի փոքր խորը դիտարկելու լինենք, ապա ավելի շատ թերևս հենց ՀՀԿ օպոնենտի:










































