ԱՄՆ-իտալական Fiat Chrysler ավտոմոբիլային կոնցեռնը և ֆրանսիական ավտոհսկա Groupe PSA-ն (Peugeot Societe Anonyme, Peugeot բաժնետիրական ընկերություն) ստորագրել են միաձուլման պայմանագիր: Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին հայտնում է ֆրանսիական ավտոարտադրողի մամուլի ծառայությունը:
«Fiat Chrysler-ը և Groupe PSA-ն այսօր պայմանագիր են ստորագրել իրենց բիզնեսները միաձուլելու վերաբերյալ, որպեսզի ստեղծեն արտադրության ծավալով չորրորդ և աշխարհում շրջանառությամբ երրորդ ավտոարտադրողը»,- ասվում է հայտարարության մեջ:
Համակցված ընկերությունը կունենա տարեկան 8,7 միլիոն մեքենա վաճառք՝ մոտ 170 միլիարդ եվրո եկամուտ և ավելի քան 11 միլիարդ եվրոյի գործառնական շահույթ:
Նշվում է, որ արտադրությունների համակցումը չի հանգեցնի արտադրության առանձին վայրերի փակմանը:








































