Այսօր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կմեկնի Ուկրաինա: Նա ծրագրում է ուկրաինական իշխանությունների հետ քննարկել երկրում իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:
Կիև այցի ժամանակ նա մտադիր է քննարկել իրադարձություններն Ուկրաինայում, այդ թվում՝ երկրի արևելքում, ինչպես նաև նախապատրաստություններն արտահերթ նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
Ապրիլի 21-ին նա կայցելի ուկրաինական մայրաքաղաք, իսկ ապրիլի 22-ին հանդիպումներ կանցկացնի ներկա իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Բայդենի զրուցակիցները կլինեն Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, վարչապետ Արսենի Յացենյուկը, ինչպես նաև խորհրդարանի առանցքային անդամներ:
Համաձայն Սպիտակ տան հաղորդագրության՝ հանդիպումների ընթացքում փոխնախագահը խորհրդակցություններ կանցկացնի նաև Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում նրա էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերի առնչությամբ:
Դրանից հետո Բայդենը կհանդիպի քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ՝ քննարկելու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում ոչ կառավարական կազմակերպությունների առանցքային դերը:









































