Վրաստանի միակ կորցնելու բանը փոքրամասնությունների շրջաններն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրացագետ, վերլուծաբան Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանում հնարավոր էսկալացիային ՆԱՏՕ-ից Անդամակցության գործողությունների ծրագիր ստանալուն ընդառաջ:
Նա նշեց, որ որոշ ուժեր, նաև Հայաստանից, փորձում են ցույց տալ, որ եթե Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, և քանի որ ՆԱՏՕ-ի երկրների ցանկում ամենամոտը Վրաստանին Թուրքիան է, իսկ Թուրքիայի զորքերի կեսը նաև ՆԱՏՕ-ի զորքերն են, զորքեր կտեղակայվեն Ջավախքում, և Վրաստանը որոշակի խնդիրներ կունենա ջավախահայության հետ: Բայց, նրա համոզմամբ, այս պահի դրությամբ իրատեսական չէ կարծել, որ գործողությունների ծրագիրը կշնորհվի Վրաստանին:
«Ինչ-որ ֆորսմաժորային դեպքեր Ուկրաինայի նման կարող է ազդել, որ Բրյուսելում ի վերջո որոշեն, որ շնորհում են ԱԳԾ, բայց դա ևս չի նշանակում, թե իրենք ՆԱՏՕ են մտնելու: Հնարավոր է՝ Վրաստանի պարագայում ոչ թե ԱԳԾ, այլ ինչ-որ բան մշակվի, և փորձեն իրենք այդ ուղղությամբ տանեն, իրավիճակը կարող է փոխվել, եթե Ուկրաինան չհայտարարի, որ իրենք դաշինքներից դուրս երկիր են դառնալու:
Եթե Ուկրաինայի հետ կապված իրավիճակն այլ կերպ զարգանար, հօգուտ Վրաստանի կլիներ, եթե Ուկրաինան հայտարարում է, որ ՆԱՏՕ չի ձգտում, Վրաստանի վիճակը ծանրանում է, իրենք չգիտեն, թե ինչպես ուշադրությունը դեպի իրենց բերեն: Հայտարարում են, որ իրենք առաջինն էին 2008թ., որից տարածքներ օկուպացրեցին, սրանով փորձում են ուշադրությունը դեպի իրենց բերեն՝ ցույց տալով, որ իրենք վտանգված են, չնայած ոչ մի վտանգ արդեն իրենց չի սպառնում և միակ կորցնելու բանը փոքրամասնությունների շրջաններն են, բայց ռեալ իրավիճակը գնահատելու դեպքում պետք է ասել, որ Ջավախքում իրավիճակը շատ կայուն է, բնակչությունը դժգոհություն չունի, կան բարեփոխումներ որոշ, նախընտրական իրենց որոշ խոստումներ սկսում են իրականացնել, և այս պահի դրությամբ չէի ասի, որ իրավիճակն այնտեղ լարված է:
ՌԴ-ի հետ կապված հարցերը Ուկրաինայի ֆորմատում պետք է որ քննարկվեն ու լուծվեն: Բայց միևնույն է՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը «կարմիր գիծ» է հռչակված Ռուսաստանի կողմից»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Armenpress-ի









































