Ռուսաստանում հաջորդ տարվա հունվարի 1-ից բացի ռուս և օտարերկրացի մասնագետներից՝ աշխատողների նոր դասակարգ կստեղծվի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷՍ) անդամ երկրների քաղաքացիներ, հայտնում է rg.ru-ն:
Այս մասին Պետերբուրգում տեղի ունեցած «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային 2-րդ համաժողովի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը:
«Նրանք կլինեն օտարերկրյա պետության քաղաքացիներ, բայց կաշխատեն ընդհանուր եվրասիական տարածքում: Բիզնեսն ու արհմիությունները պետք է նրանց հետ որոշակի հարաբերություններ ստեղծեն»,- ասել է Շոխինը:
Փոփոխություններ անհրաժեշտ կլինեն նաև միգրացիոն օրենսդրությունում և աշխատանքային օրենսգրքում:
Հիմա Ռուսաստանի գործատուներն ազատորեն աշխատանքի են վերցնում Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիներին: Սակայն հետագայում Եվրասիական տնտեսական միությունը կընդլայնվի Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցության հաշվին:







































