Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Ակսել Մխիթարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ:
29-ամյա Ակսել Մխիթարյանն Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երաժշտական ձևավորող է եղել:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել դիտավորությամբ տուժողի առողջությանը՝ նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Մեղսագրված արարքի համար Ակսել Մխիթարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա ընկերություն է արել վերոհիշյալ թատրոնի դերասանուհի Ա.-ի հետ: Վերջինս սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի 2-րդ կուրսում:
Այնտեղ դասավանդել է Վասիլ Գևորգյանը:
2013 թվականի ձմռանը Վասիլ Գևորգյանի կողմից Ա.-ի կիսամյակային քննությունն անբավարար գնահատելուց հետո Ակսելը փորձել է հանդիպել դասախոսի հետ ու այդ թեմայով խոսել, բայց դասախոսը մերժել է:
2013 թվականի հունիսի 26-ին Ա.-ն նույն դասախոսի մոտ մեկ այլ առարկայից քննություն է հանձնել, չի պատասխանել և դարձյալ անբավարար է ստացել:
Ակսելը գնացել է ինստիտուտ, հանդիպել դասախոսին, առաջարկել է զրուցել ընկերուհու ստացած անբավարարի մասին:
Առանձնացել են մի ազատ լսարանում:
Ակսելը փորձել է համոզել, որ Գևորգյանը փոխի գնահատականը, ընկերուհուն դրական նշանակի: Պատճառաբանել է՝ թեև ընկերուհին տեսականորեն առարկային լավ չի տիրապետում, բայց ունի պրակտիկ աշխատանքի 15 տարվա փորձ:
Վասիլ Գևորգյանը պատասխանել է, թե ինքն առաջնորդվում է միայն օրենքով, որևէ այլ հանգամանք հաշվի չի առնում:
Ակսելի ու դասախոսի միջև վիճաբանություն է ծագել, ապա քաշքշոց, որի ընթացքում Ակսել Մխիթարյանը դանակահարել է դասախոսին ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:
Ըստ Ակսելի՝ ինքը վերցրել է քննության ամփոփաթերթիկը, միջանցքում փորձել է համոզել Վասիլ Գևորգյանին, որ ընկերուհու անբավարարը դարձնի բավարար՝ «40»-ը դարձնի «70»:
Գևորգյանը փորձել է իր ձեռքից վերցնել ամփոփաթերթիկը: Ինքը ձեռքը մեկնել է առաջ ու ասել. «Մի րոպե համբերի»:
Վասիլ Գևորգյանը բռնել է իր ձախ ձեռքը, ոլորել է թիկունքի կողմը ու չի թողել, որ ինքը շարժվի:
Ինքը աջ ձեռքով մեկ անգամ հարվածել է Գևորգյանի դեմքին: Գևորգյանը աջ ձեռքի արմնկային մասով թիկունքից բռնել է իր պարանոցը ու սկսել է խեղդել:
Ինքը գոռացել է, ասել է՝ խեղդվում եմ, բայց Գևորգյանն ավելի ուժեղ է սեղմել: Իր աչքերի առաջը սևացել է, ինքը սկսել է շնչահեղձ լինել:
Այդ ժամանակ աջ ձեռքը տարել է տաբատի աջ կողային գրպանը, հանել է իր «ամենօրյա բացովի հավաքածուն»՝ փոքր ու մեծ դանակներով, գարեջրի բացիչով, մկրատով, փոքր սղոցով:
Բացել է հավաքածուի մեծ դանակը և անմիջապես հարվածել՝ չպատկերացնելով ու չտեսնելով, թե Գևորգյանի մարմնի որ մասին է հարվածում:
Հարվածից հետո Գևորգյանն իրեն բաց է թողել:
Ինքն ուշքի է եկել, տեսել արյունը ու վախեցած գնացել Վանաձորի «Թթու ջուր» կոչվող տարածքում գտնվող գետի մոտ, ցանկացել է կամրջից իրեն գցել գետը, ինքնասպան լինել, բայց սթափվել է, միայն ձեռքի դանակն է գցել գետը:
Տուժող Վասիլ Գևորգյանը 2002 թվականից աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ որպես դասախոս:
2011 թվականից գործուղվել է նաև Վանաձորի մասնաճյուղ՝ «Թատրոնի պատմություն» առարկան դասավանդելու:
Վանաձորի մասնաճյուղի 2-րդ կուրսում սովորել է Ա.-ն, ով 2013 թվականի ձմեռային կիսամյակի քննությունից անբավարար է ստացել:
2013 թվականի հունիսի 26-ին երկրորդ կուրսը դարձյալ քննություն է ունեցել Գևորգյանի առարկայից:
Ա.-ն ասել է, թե պատրաստ չէ տրված թեմաները պատասխանելուն: Դասախոսն առաջարկել է, որ գնա, մի քիչ պարապի ու գա պատասխանի:
Քննության վերջում աղջիկը դարձյալ ասել է, թե պատրաստ չէ քննությանը: Դասախոսը նրան անբավարար՝ «40» է նշանակել:
Ըստ տուժող դասախոսի՝ միջանցքում իրեն է մոտեցել մի երիտասարդ, ներկայացել որպես Ակսել, խնդրել է առանձնանալ ու խոսել Ա.-ի գնահատականի մասին:
Մտել են մի ազատ լսարան՝ դեկանատի դիմաց: Ինքը բացատրել է, որ ուսանողուհին ընդհանրապես ոչինչ չի պատասխանել, նման պայմաններում չէր կարող նրան դրական գնահատական նշանակել:
Ակսելը գնացել է դեկանատ, վերցրել քննության ամփոփագիրը: Միջանցքում նա առաջարկել է «40»-ը «70» դարձնել:
Ինքը մերժել է:
Երիտասարդն ասել է, որ ինքը խնդիրներ կունենա:
Քաշել է ամփոփագիրը, ճմռթել, մյուս ձեռքով բռնել է իր հագուստից: Ինքը բռնել է նրա ձեռքից, նա բռունցքով հարվածել է իր դեմքին:
Հետագա հարվածներից խուսափելու համար ոլորել է Ակսելի ձեռքը, տարել դեպի թիկունք ու բռնել:
Ակսելն ասել է՝ բաց թող: Ինքն էլ ասել է՝ հանգստացի, կթողնեմ: Հետո հարցրել է՝ հանգիստ ե՞ս, թողնե՞մ: Այդ ժամանակ տեսել է, որ Ակսելը ձեռքը հետ է տարել ու հարվածել իր աճուկային շրջանին: Ինքն ուժեղ ծակոց է զգացել, նրան առաջ է հրել: Նույն դիրքում ստացել է երկրորդ հարվածը: Նկատել է Ակսելի ձեռքի դանակը: Հասկացել է, որ նա դանակով հարվածել ու վնասել է իր զարկերակը: Սեղմել է զարկերակը, մտել մոտակա լսարան:
Տուժողը ամբաստանյալին պահանջ չի ներկայացրել:
Դատարանում Վասիլ Գևորգյանն ասել է, թե իրեն դանակահարել են ուսանողուհուն դրական չգնահատելու համար: Եթե պահանջված գնահատականը նշանակեր, միգուցե նման հետևանքներ չլինեին:
Ուսանողուհի Ա.-ն սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով «Դերասանական արվեստ» առկա բաժնի երկրորդ կուրսի անվճար համակարգում:
Դոցենտ Վասիլ Գևորգյանը Վանաձորի մասնաճյուղում դասավանդել է «Հայ թատրոնի պատմություն» և «Արտասահմանյան թատրոնի պատմություն» առարկաները:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Վասիլ Գևորգյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ աջ ազդրի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք՝ ազդրային երակի սուբտոտալ վնասումով, ինչպես նաև միջին ծանրության վնաս՝ աջ աճուկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքի ձևով:
Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալը տուժողին ծանր վնասվածք է պատճառել նրա ծառայողական գործունեության հետ կապված:
Ակսել Մխիթարյանը մեղսագրված հոդվածով դատապարտվել է 5 տարի ազատազրկման:
Պատժի սկիզբը՝ 2013 թվականի հունիսի 26-ից:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպան Ա. Ոսկանյանը:
Ըստ պաշտպանի՝ Ակսել Մխիթարյանի արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական:
Պաշտպանի վերլուծությամբ՝ ամբաստանյալը տուժողին դանակահարել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ:
Տուժողը արմունկով սեղմել է Ակսելի պարանոցը, Ակսելը շնչահեղձ է եղել, խեղդվել ու խռխռացրել է և ստիպված է եղել չխեղդվելու համար դանակահարել խեղդողին:
Ճիշտ է, պաշտպանի կարծիքով՝ Ակսելն անցել է անհրաժեշտ պաշտպանության սահմանները, ոտնձգությանը ոչ համաչափ պաշտպանության միջոց է գործադրել:
Պաշտպանն իր դիրքորոշումը հիմնավորեց՝ յոթ վկաների դատաքննական ցուցմունքները վկայակոչելով, ովքեր նշել էին, թե Ակսելը խեղդվում էր, խռխռացնում էր, չէր կարողանում ազատվել տուժողի արմնկային սեղմումից:
Ու, ստացվում է, եթե չազատվեր ինչ-որ կերպ, անպայման կխեղդվեր հենց ինստիտուտի միջանցքում, բոլորի աչքի առաջ:
Պաշտպանը նշեց, թե տուժողի իրական ոտնձգությունը Ակսել Մխիթարյանի նկատմամբ ակնհայտ է եղել դեպքին ականատեսների համար: Սակայն այդ ոտնձգությունը եղել է ոչ թե հանցավոր, այլ՝ վտանգավոր ոտնձգություն:
Իսկ դատարանը, ըստ պաշտպանի, հաշվի չառնելով վկաների դատաքննական ցուցմունքները, եզրակացրել է, թե տուժողի ոտնձգությունը վտանգավոր չի եղել Ակսելի կյանքի համար: «Կարծես թե պարանոցը սեղմելն ու խեղդելը չէին կարող հանգեցնել մահվան»,- ասաց պաշտպանը՝ չհամաձայնելով դատարանի եզրահանգման հետ:
Պաշտպանը այլընտրանքային առաջարկ էլ ուներ: Եթե վերաքննիչ քրեական դատարանը հաստատված չգնահատի դանակահարությունը անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված լինելու հանգամանքը, թող վերաորակի արարքը որպես պարզապես դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնասի պատճառում՝ առանց ծանրացուցիչ հանգամանքի: Որովհետև գործով, ըստ պաշտպանի, ապացուցված չէ, որ դասախոսի դանակահարությունը կապված է եղել վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ:
Ըստ պաշտպանի՝ տուժողի ծառայողական պարտականությունների հետ կապված է եղել միայն կողմերի վիճաբանությունը: Իսկ դանակահարությունը արդեն կապ չի ունեցել դասախոսի աշխատանքի հետ:
Երկու դեպքում էլ, ըստ պաշտպանի, ամբաստանյալի արարքն ավելի մեղմ հանցատեսակով վերաորակելով՝ վերաքննիչ դատարանը պետք է նշանակի մեղմ պատիժ, ապա համաներում կիրառի և ամբաստանյալին ազատի պատժի կրումից: Իհարկե՝ նախևառաջ անհիմն գնահատելով ու բեկանելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Բողոքի քննությանը չէր ներկայացել մեղադրողը: Վերջինս ֆաքսի միջոցով դատարանին տեղեկացրել էր, թե աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ: Քանի որ վերաքննիչ դատարանը բողոքը քննության է նշանակել վճռաբեկության կարգով, ապա մեղադրողը խնդրել է բողոքը քննել իր բացակայությամբ՝ հաշվի առնելով իր կարծիքը, այն է՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն օրինական ու հիմնավոր է, պետք է թողնվի անփոփոխ:
Վերաքննիչ դատարանը մի քանի հարց ուղղեց պաշտպանի բողոքին միացած, ուրիշ ասելիք չունեցող ամբաստանյալին:
«Այնուամենայնիվ, ինչո՞ւ էր տուժողը ձեզ խեղդում հենց ինստիտուտի միջանցքում: Դասախոս մարդ էր վերջապես»:
Ամբաստանյալը խոսում էր ցածրաձայն ու անհամարձակ. «Դե, վիճաբանություն եղավ, իրար չհասկացանք»:
«Ինչո՞ւ էիք վիճաբանում»,- հարցրեց դատարանը:
«Քննության թերթիկն իմ ձեռքին էր»:
«Ինչո՞ւ էր ձեր ձեռքին»:
«Խնդրել էի»:
«Ինչո՞ւ: Դուք ստուգո՞ղ էիք, կրթության ու գիտության նախարարությունի՞ց էիք»:
«Ոչ, ուղղակի հետաքրքիր էր»:
«Դրա համա՞ր դանակահարեցիք դասախոսին»:
«Չէ, ձեռքս օլորեց»:
«Բայց ինչո՞ւ դանակահարեցիք»:
«Որ չխեղդի: Վախեցա, որ կխեղդի: Արդար ձևով դատեք: Ես համաձայն չեմ հոդվածին: Տուժողի ծառայողական գործունեության հետ կապված չեմ վնաս պատճառել…»,- սա եղավ ամբաստանյալի խնդրանքը վերաքննիչ դատարանին:
Պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի դեմ գրավոր պատասխան էր ուղարկել տուժած դասախոսը: Այդ պատասխանը ներկայացվեց դատարանում:
Ըստ տուժողի՝ պաշտպանի բողոքը անհիմն է: Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պետք է թողնվի անփոփոխ:
Պաշտպանի վկայակոչած յոթ վկաների վերաբերյալ տուժողը նշել էր, թե պաշտպանն անտեսել է նույն վկաների նախաքննական ցուցմունքները, որտեղ նրանք չեն ասել Ակսելին խեղդելու մասին: Իսկ դատարանում բոլորը փոխել են ցուցմունքները, միայն թե ամեն մեկը յուրովի է ներկայացրել. մեկն ասել է, թե Ակսելը խռխռացնում ու արդեն չէր կարողանում խոսել, մյուսը՝ թե Ակսելը գոռում էր, որ դասախոսն իրեն բաց թողնի, երրորդը՝ որ եթե Ակսելը չազատվեր, արդեն խեղդված կլիներ:
Միևնույն ժամանակ նույն վկաները, այդքան բանը տեսնելով, միահամուռ չէին «նկատել» դանակահարության պահը:
Բոլորն անտեսել են, որ քաշքշուկն ու դանակահարությունը մոտ մեկ րոպե են տևել, ոչ ավելի:
Ըստ տուժողի՝ ինքը չի խեղդել Ակսելին, բռնել է այնպես, որ նա ձեռքերը չշարժի, որովհետև նա արդեն հարվածել էր իր դեմքին, քաշքշել շորերը:
Տուժողի պնդմամբ՝ ամբաստանյալի արարքը ճիշտ է որակված: Դանակով երկու հարված հասցնելը չի կարող տարանջատվել իրենց վիճաբանությունից: Դա միասնական է և կապված է իր ծառայողական պարտականությունների կատարման՝ քննությանը չպատասխանած ուսանողուհուն անբավարար նշանակելու հետ:
Դատական նիստն ընդմիջվեց և կշարունակվի ապրիլի 23-ին:







































