Թուրքիայի իրավական համակարգը կմաքրվի ներկայումս ԱՄՆ-ում բնակվող թուրք հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներից, որոնք դրա վրա ուժեղ ազդեցություն ունեն: Այս մասին ասել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ գրում է թուրքական Sabah թերթը:
Նրա խոսքով՝ այդ միջոցները ձեռնարկվում են պետականությունը պաշտպանելու նպատակով:
Վարչապետը նշել է, որ դա անելը հեշտ չի լինի, քանի որ պետությունը գործ ունի ընդհատակյա կառույցի հետ, որը գոյություն ունի արդեն 35 տարի: Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ որոշ պետական մարմիններ Գյուլենի շարժման ուժեղ ազդեցության տակ են:
Փետրվարի 25-ին Թուրքիայի ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, որ 2011-ին հակաահաբեկչական գործողության շրջանակներում գաղտնալսվել են կառավարության և ընդդիմության հետ կապված մոտ 7000 մարդու հեռախոսազրույցներ:
Վարչապետ Էրդողանը սրա համար մեղադրել էր Գյուլենի շարժման ներկայացուցիչներին:









































