Բոստոնում սակրավորները վնասազերծել են կասկածելի երկու ուսապարկեր, որոնք հայտնվել էին քաղաքի կենտրոնում՝ անցած տարի տեղի ունեցած ահաբեկչության վայրի մոտ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
«Հաստատում ենք, որ մարաթոնի վերջնագծի մոտ թողնված պայուսակները պայթեցվել են, նման միջոցառումն ընդունվել է նախազգուշական նկատառումներով»,- ասվում է հաղորդագրությունում:
Ուսապարկերի պարունակությունը չի հստակեցվում: Ավելի վաղ հաղորդվել էր գործով մեկ ձերբակալվածի մասին: Քաղաքի ոստիկանական վարչության ներկայացուցիչ Մայք Մաքքարթիի խոսքով՝ տղամարդը հոգեպես անհավասարակշռված է: Ներկայում նրան հարցաքննում են:
Նշենք, որ ուսապարկերը հայտնաբերվել էին տեղի ժամանակով մոտավորապես ժամը 19.00-ին (Երևանի ժամանակով՝ 03.00-ին): Դրանից մի քանի ժամ առաջ այնտեղ ավարտվել էին սգո միջոցառումները՝ նվիրված անցած տարի տեղի ունեցած ողբերգությանը:
Այս տարի մարաթոնը կանցկացվի ապրիլի 21-ին:







































