Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ուղղակիորեն չասաց՝ ափսոսո՞ւմ է, ցավո՞ւմ է վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի համար, թե՞ ոչ: Վարչապետի հրաժարականից խոսելը համարեց քաղաքական հարց, որը, իր պնդմամբ, իր իրավասությունների շրջանակում չէ: Իսկ իր անձնական, ոչ քաղաքական կարծիքը, նրա խոսքով, հանրությանը հետաքրքիր չէ:
«Ես քաղաքական գործիչ չեմ և չեմ կարող կատարվածին քաղաքական գնահատական տալ: Կատարվածի վերաբերյալ իմ կարծիքն անձնական է, որը լրագրության համար չէ»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե հաշվի առնելով իրենց մտերիմ հարաբերությունները՝ կարելի՞ է ենթադրել, որ ինքը զրկվեց քաղաքական հենարանից, տանիքից, Սրբազանն արձագանքեց. «Ես շատերի հետ եմ մտերիմ, դա ոչինչ չի նշանակում: Բայց դուք ինձնից էլի քաղաքական գնահատական եք ուզում»:
Կշարունակե՞ք ձեր շփումը Տիգրան Սարգսյանի հետ, երբ նա այլևս վարչապետ չէ՝ հարցին էլ պատասխանեց. «Ինչո՞ւ, դա պաշտոնո՞վ էր պայմանավորված: Բնականաբար, մեր շփումը կշարունակվի, ինչի՞ մասին է խոսքը: Ինքը մեր թեմական խորհրդի ատենապետն է շուրջ 10 տարի՝ մինչ վարչապետ լինելը, և էդպես էլ մնում է: Արդյոք սա գնահատական չէ՞ հավատացյալների կողմից, որ իրեն վստահում են թեմի գործերում: Ինքը մեզ շատ է աջակցել թեմի գործերում, հավատացյալների խնդրանքներին»,- ասաց Սրբազանը:
Վերջինից հետաքրքրվեցինք նաև՝ կփորձի՞ նույն ջերմ հարաբերությունները ստեղծել նաև հաջորդ վարչապետի, ասենք՝ Հովիկ Աբրահամյանի հետ: «Դուք էլի քաղաքական հարց եք տալիս: Ես չեմ կարող քաղաքական գնահատական տալ: Ես կարող եմ միայն բարոյական, հոգևոր գնահատական տալ, հոգևոր իմաստով խոսել»,- պատասխանից խուսափելով՝ իր խոսքը եզրափակեց Կճոյանը:
Հիշեցնենք, որ Կճոյանի և Տիգրան Սարգսյանի հարաբերությունների ջերմության մասին օֆշորային հայտնի սկանդալից առաջ առավել շատ խոսվեց այն ժամանակ, երբ Կճոյանը իր մեկ այլ սանիկի՝ Մհեր Ավետիսյանի հետ 12 մլն դոլար «քցել էր» Ռուսաստանի Դաշնության «Ռենովա» ընկերության տնօրեն Գեորգի Իոսիֆյանին: Վերջինս մամուլին ուղղված իր նամակներում պնդում էր, որ հենց նրանք՝ Կճոյանն ու Ավետիսյանն են խաբել իրեն, և որ այդ գործարքը եղել էր այդ ժամանակ դեռևս ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ:
Դրանից հետո Տիգրան Սարգսյանի և Սրբազանի բիզնես-համագործակցության հաջորդ թիրախը դարձավ մեկ այլ գործարար՝ Փայլակ Հայրապետյանը: Նրան «քցելու» և սնանկացնելու գործում Կճոյանը ներդրեց իր մյուս սանիկին՝ Աշոտ Սուքիասյանին, և հաջողությամբ պսակեց երկրորդ «քցոցին»: Մինչ օրս Հայրապետյանը աղաղակում է արդեն նախկին վարչապետի և Կճոյանի՝ իրեն խաբելու գործին մասնակից լինելու մասին, բայց իրավապահները կարծես թե դեռևս հապաղում են:
Լուսանկարը՝ a1plus.am-ի




































