Տիգրան Սարգսյանի հրաժարականի մեկնաբանությունները, բնականաբար, շատ էին լինելու և լինելու էին բազմաբնույթ: Դրանք, սակայն, ընդհանուր առմամբ միագիծ են, այսինքն` դրանց հիմնական մասում փորձ է արվում հասկանալ, թե այս կամ այն ներքին սուբյեկտից ով շահեց և ով կորցրեց այս հրաժարականով, ում հաղթանակն էր սա և ում պարտությունը:
Նոր վարչապետ դեռ չկա, և երբ լինի, միգուցե հնարավոր կլինի ավելի ամբողջական պատկերացնել իրավիճակն ու հասկանալ, թե ի վերջո` ինչ դասավորություն և հարաբերություններ են առկա ներքին դաշտում: Սակայն միագիծ դիտարկումներին զուգահեռ, շատ կարևոր է հասկանալ տեղի ունեցածի համակարգային իմաստը: Այդ հարցում էլ մեզ կօգնի վարչապետի նշանակումը, կօգնի ավելի ամբողջական պատկերացում կազմել և հետևաբար առավել լավ հասկանալ: Սակայն, ամեն դեպքում, թեկուզ հիմա առավել արդյունավետ կլինի իրավիճակը հասկանալու փորձեր կատարենք հենց այդ՝ համակարգային տրամաբանության պրիզմայով, ոչ թե ասենք` Սերժ Սարգսյանի հաղթանակի կամ պարտության:
Եթե մենք պրոցեսները գնահատում ենք զուտ այս դիտակետից, ապա մեզ սպառնում է մոլորվելու հավանականությունը, քանի որ Սերժ Սարգսյանի պարտությունն, օրինակ, ամենևին չի նշանակում ինքնաբերաբար հասարակության հաջողություն կամ հաղթանակ: Կամ` ավելի ճիշտ կլինի ասել, որ Սերժ Սարգսյանի ոչ բոլոր պարտություններն են, որ ինքնաբերաբար, ավտոմատ կերպով կարող են նշանակել հասարակության հաջողություն կամ հաղթանակ: Այդ տեսանկյունից, փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ:
Պարզ հարց: Եթե Սերժ Սարգսյանը հաղթել է այս քայլով, ապա հարց է առաջանում` ո՞ւմ է հաղթել: Եթե հաղթել է իր քաղաքական հակառակորդներին, ապա բնականաբար հարց է առաջանում, թե այդ հաղթանակն ինչ կերպ է անդրադառնալու հասարակության և պետության անվտանգության և զարգացման հարցերի վրա: Այդ հարցի պատասխանն է սեպտեմբերի 3-ը՝ ոչ մի կերպ, որովհետև այլևս չկա Սերժ Սարգսյան, կա Մոսկվա, և հետևաբար հասարակության զարգացումն ու անվտանգությունը պետք է փնտրել այս ուղղությամբ, այսինքն` այս ուղղությամբ պետք է հասկանալ՝ եթե Հայաստանը Մոսկվայի վասալն է, ապա Սերժ Սարգսյանի հաղթանակը այստեղ որևէ բան փոխո՞ւմ է, թե՞ ոչ, եթե այդ հաղթանակի հովանավորը Ռուսաստանն է, որի ոտքերի տակի հողը Հայաստանում հենց առկա համակարգն է:
Եթե Սերժ Սարգսյանը պարտվել է կամ զիջել է, ապա հարց է առաջանում` ո՞ւմ է պարտվել կամ զիջել, և հասարակությունն ի՞նչ է դրանից շահելու, զարգանալու կամ անվտանգ դառնալու: Ասում են, որ պարտվել է քառյակին կամ զիջել է քառյակին: Թվում է, որ փաստորեն գոյություն ունի հակակշիռների մեխանիզմ, որից հասարակությունը կշահի: Քառյակն, ըստ էության, Հայաստանում տարիներ շարունակ հաստատված իշխանական համակարգի կեսն է, մի քանի ոչինչ չորոշող բացառություններով, որոնք էլ կանոնը հաստատող բացառություններ են: Ըստ էության ստացվում է, որ իշխանական համակարգի մի կեսը զիջում է մյուս կեսին: Այսինքն` հասարակություն այստեղ չկա կամ եթե կա, ապա մանիպուլյատիվ թիրախում: Այսինքն` հասարակությունն իշխանական համակարգի երկու կեսերի ձեռքին ընդամենը գործիք է միմյանց դեմ:
Այս հակակշիռների մեխանիզմը կարող է նպաստել նրան, որ հասարակության սոցիալական վիճակը մի փոքր կարող է թեթևանալ, թեև առանձնապես լավատեսության հիմքեր չկան թե անձերի, թե մեխանիզմների առումով: Եթե Հայաստանում այսօր խնդիրը սոցիալական հարցերի մի փոքր թեթևացումն է, ապա իհարկե Հայաստանը գրեթե մոտեցել է կառավարման իդեալին, և մնում է մի քայլ: Բայց Հայաստանն այսօր ունի լրջագույն համակարգային մարտահրավերներ՝ ներքին և արտաքին բնույթի, միմյանց սերտորեն շաղկապված: Համակարգը որոշել է այդ մարտահրավերներին դիմագրավել, այսպես ասած, կիսվելով: Հասարակության և որոշ քաղաքական շրջանակների հանդեպ միգուցե այդ խորամանկությունն աշխատող է, միայն թե մարտահրավերները և դրանց աղբյուրները հիմա դյուրահավատ չեն, որպեսզի այդ խորամանկությանը տեղի տան:
Հետևաբար, եթե իշխանության մի կեսի վարչապետին փոխարինելու է կամ այդ, կամ թեկուզ մյուս կեսի վարչապետը, փաստացի որևէ առանցքային տարբերություն չկա, քանի որ այստեղ լուծվում է ընդամենը ներհամակարգային խաղաղության հարցը: Պատահական չէ, որ այսօր խոսվում է «բոլորի համար ընդունելի» թեկնածուի մասին: Որովհետև կիսված իշխող համակարգը զգում է, որ երկու կեսով կարելի է խաբել հասարակությանը, բայց ոչ մարտահրավերներին: Եվ մարտահրավերներն էլ արդեն ոչ միայն պետությանն են սպառնում, այլ նաև համակարգին: Ուրեմն պետք է արդեն միացնել կեսերը: Իսկ այդ հարթությունը վարչապետի պաշտոնն է, կառավարությունն է, որտեղ միանում են «երկու սրտեր»:
Այդ միաձուլումը կարող ամեն մի սուբյեկտի համար ունենալ տարբեր նշանակություն. մեկը շատ ուրախ կլինի դրա համար, մյուսը մի քիչ կարող է և կորցնել, մեկի սպասումները կարող են չարդարանալ: Սակայն ամբողջ հարցն այն է, որ այստեղ շահում է ամբողջական համակարգը, լուծվում է համակարգի ինքնապահպանման հարցը: Համակարգ, որը լիակատար կոնսենսուսի մեջ է մի հարցում՝ Ռուսաստանի դատավորության կամ թագավորության, ում ինչպես հարմար է: Հետևաբար, այդ դեպքում ոչ մի ներքին կամ արտաքին հանրային կամ պետական նշանակություն չունի՝ պարտվել, թե զիջել է Սերժ Սարգսյանը, կամ հաղթել է Սերժ Սարգսյանը:









































