Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է բռնաբարության փորձի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Այս գործով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Մնոյանի նախագահությամբ կայացրել է արդարացման դատավճիռ:
Ամբաստանյալի և տուժողի անունները փոխված են ներկայացվում:
26-ամյա ամբաստանյալը՝ Խալոն, մեղադրվել է այն բանի համար, որ 2013 թվականի հունվարի 12-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում գործող «Աղայան ԱՁ» սննդի օբյեկտի հյուրանոցային սենյակում ալկոհոլ օգտագործած վիճակում տուժողի՝ Մարգոյի կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:
Մերժում ստանալով՝ կոտրված շշի կտորով Խալոն հարվածել է կնոջ ձախ բազկի շրջանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, գործադրել է բռնություն, բայց իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. Մարգոն նրան հրել ու փախուստի է դիմել:
Բռնաբարության փորձի համար մեղադրվող Խալոն իրեն մեղավոր չի ճանաչել:
Քննիչի մոտ հայտնել է, որ բռնաբարության փորձ չի կատարել:
Մարգոյի տված ցուցմունքները հակասական են: Նա հենց սկզբից հայտնել է, թե գրավոր հայերենին չի տիրապետում:
Դատարանում 32-ամյա Մարգոն պնդել է, որ Խալոն բռնաբարության փորձ չի կատարել: Ինքը նման հաղորդում չի տվել ոստիկանությունում: Ասել է միայն, որ ընկերը ծեծել է իրեն: Հաղորդումն ինքը չի գրել, գրվածը բարձրաձայն չի ընթերցվել:
Ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով ամբաստանյալին ճանաչել է անմեղ և արդարացրել է՝ մեղսագրված արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:
Արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ պնդելով, թե բռնաբարության փորձը տեղի է ունեցել, ու մեղավոր տղամարդը պետք է պատժվի:
Բողոք բերած դատախազից՝ Դավիթ Ավագյանից բացի, բողոքի քննությանը ներգրավվել է նաև անձամբ Արագածոտնի մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը: Դատախազությունը համոզված է, որ բռնաբարության փորձը հաստա՛տ կատարվել է:
Այսօր վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց տուժողի հարցաքննությունը: Մեղադրող դատախազների հարցերից նեղված տուժողը ի վերջո հայտարարեց, թե վատառողջ է, բարձր ջերմություն ունի, այլևս չի կարող պատասխանել հարցերին, խնդրում է նիստը հետաձգել:
Դատարանը երեսուն րոպե ընդմիջում հայտարարեց, ու շտապօգնություն կանչվեց:
Մինչ շտապօգնության ժամանելը տուժողը դժգոհ դեսուդեն էր գնում, ասում, թե «կրակն է ընկել», կարող է ընդհանրապես չգալ դատարան, իրեն ո՞ւմ տեղն են դրել, ինքը պարկեշտ կին է, իր ամուսինը մահացած է:
Շտապօգնության բժիշկը չափեց տուժող կնոջ ջերմությունը՝ 36 ու 6 էր: Հաշվեց պուլսը՝ 70 էր: Չափեց ճնշումը՝ 120-ը 80-ի վրա էր: Բոլոր «պարամետրերը» իդեալական էին: Բժիշկը լսեց նաև տուժողի թոքերը: Եվ չնայած տուժողը հազում էր ընթացքում, բժիշկը հիվանդագին ոչինչ չգտավ ու եզրակացրեց, որ տիկինը ներկա առողջական վիճակով կարող է մասնակցել դատական նիստին:
Հարցաքննությունը շարունակվեց դռնփակ պայմաններում:
Ըստ ամբաստանյալի շահերի պաշտպանի՝ ընդհանուր իրավասության դատարանը պետք է ընդամենը նշանակեր դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն: Եվ պարզ կլիներ, որ այս տուժողի ցուցմունքներին վստահել չի կարելի, դրանք արժանահավատ լինել չեն կարող:
Ամբողջ գործի քննության ընթացքում տուժողն աչքի է ընկել հակասական ցուցմունքներով: Հիմա էլ դատարանում հիվանդության տպավորություն էր ուզում սարքել:
Եվ արդեն դատական երկրորդ ատյանը նիստ առ նիստ հետևողականորեն պիտի պարզի՝ իր մտերիմի հետ հյուրանոց գնացած այս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ եղե՞լ, թե՞ չի եղել:
Եղե՞լ, թե՞ չի եղել. սա՛ է խնդիրը:
Մեղադրանքի կողմը վճռական է տրամադրված:
Միգուցե մեղադրողական խաչաձև հարցաքննությունից հետո տուժողը հաջորդ նիստին կգա ու մեկ այլ բա՞ն կհայտարարի:
Կարող է նաև փաստաբանի հետ ներկայանալ:
Այսօրվա դատական նիստը ի վերջո հետաձգվեց:
Հաջորդ նիստին կուսումնասիրվեն նախորդ ատյանում տուժողի հակասական ցուցմունքների ձայնագրառումները:









































