Դուբայն այս օրերին ընդունում է պատմության մեջ զբոսաշրջիկների ամենամեծ խումբը, որում ներառված մարդկանց թիվը գերազանցում է 19 հազարը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Չինական խոշոր ընկերությունը, որը որոշել է իր աշխատակիցների համար նման զանգվածային ուղևորություն կազմակերպել, 40 հյուրանոցներում հազարավոր համարներ է պատվիրել:
Զբոսաշրջիկների տեղափոխությունը Դուբայ կկատարվի շաբաթվա ընթացքում: Դրա համար գործի են դրվել 77 ինքնաթիռներ: Քաղաքում նրանց սպասարկմամբ կզբաղվեն 409 էքսկուրսավարներ: Յուրաքանչյուր ընտանիք քաղաքում կանցկացնի 5 օր: Ընդհանուր առմամբ խումբը քաղաքում կգտնվի 6-17 օր: Զբոսաշրջիկները կլինեն Դուբայի, Աբու-Դաբիի և Շարջայի տեսարժան վայրերում:
2013-ին Դուբայ է այցելել ավելի քան 11 մլն զբոսաշրջիկ: Դա 10 տոկոսով գերազանցում է 2012-ի ցուցանիշը: Այնտեղ ամենից շատ զբոսաշրջիկներ են մեկնել Սաուդյան Արաբիայից (1.2 մլն), ինչպես նաև Հնդկաստանից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:








































