ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրու Մոդիին համեմատել է Էլվիս Փրեսլիի հետ:
Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում Մոդիի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հիշել է կիրակի օրը Հյուսթոնում հնդկական սփյուռքի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների առջև Հնդկաստանի վարչապետի ելույթը: «Նրանք սիրում են այս ջենթլմենին: Մարդիկ խելագարվում էին: Նա կարծես Էլվիսը լիներ»,- նշել է ամերիկյան նախագահը՝ ձեռքով ցույց տալով Մոդիին:
Թրամփի խոսքերով՝ Մոդիի հետ իրենց հարաբերություններում «քիմիա» կա: «Ես նրա նկատմամբ հարգանք եմ տածում, հիացմունք, նա իրոք ինձ դուր է գալիս: Նա հրաշալի ջենթլմեն է, գերազանց առաջնորդ: Ես հիշում եմ Հնդկաստանն առաջ, այն շատ պառակտված էր, տարաձայնություններ կային և պայքար, նա այդ ամենը հաշտեցրեց, ինչպես կաներ հայրը: Հնարավոր է, նա Հնդկաստանի հայրն է»,- ասել է Թրամփը: