Արդյո՞ք իշանությունների աջակցությունը որոշակիորեն նվազել է, նկատվո՞ւմ է այդպիսի միտում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին «Ալիք մեդիա» կայքի խմբագիր Արսեն Խառատյանը նշեց, որ դա օրինաչափ երևույթ է. «Չկա աշխարհում մի իշխանություն, որի հեղինակությունը աստիճանաբար չնվազի, եթե, իհարկե, ժողովրդավարական է և հատկապես եթե իշխանության է գալիս մի օրակարգով, որը ռեֆորմ է կոչվում»: Ա. Խառատյանի գնահատմամբ՝ հետհեղափոխական շրջանում ճգնաժամային կառավարման մեջ ենք, ինչն ունի օբյեկտիվ հիմքեր: Նրա խոսքով՝ իշխանության վարկանիշի անկումն անխուսափելի է, սակայն հանրության տարածքում հիասթափություն, համենայնդեպս դրսից հետևելով, տեսանելի չէ:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրենի հրաժարականին հետևեցին շահարկումներ և հնարավոր հեղաշրջման մասին խոսակցություններ եղան, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ Հայաստանի քաղաքական դաշտում հեղաշրջման պայմաններ չկան: «Մտահոգություն ունեմ իշխանության մեջ եղած, մանավանդ ուժային կառույցներում եղած մարդկանց լոյալության հետ կապված»,- ընդգծեց Բ. Նավասարդյանը՝ հավելելով, որ դա կարող է տպավորություն ստեղծել, որ իշխանության աջակցությունը նվազում է շատ արագ: Նրա խոսքով՝ մանր սաբոտաժները խանգարում են բարեփոխումների իրականացմանը նույնքան, որքան տարբեր կառույցների ոչ հետևողական գործունեությունը:
Շարունակելով լոյալության թեման՝ Ա. Խառատյանը նշեց. «Պետական կառավարման համակարգի այն աշխատողները, որոնք երկու տասնյակ տարուց ավելի աշխատում են, լինի ԱԱԾ-ն, ուժային կառույցները, թե պետական բյուրոկրատիայի այլ հատվածները, պետք է հիշեն, որ իրենք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը և ոչ որևէ կուսակցության: Պետք է շատ կոնկրետ կարմիր գիծ քաշվի և պետական կառավարման համակարգի այն գործընկերները, որոնք չեն գիտակցում, թե իրենց ներգրավվածության սահմանը Հայաստանի քաղաքական կյանքում որտեղ է, պետք է դուրս գան համակարգից…
Լոյալության խնդիրը ոչ թե ՀՀ վարչապետին է կամ «Իմ քայլինը», այլ Հայաստանի Հանրապետության խնդիրն է: Պետական իշխանությունը, պետությունը և գործող քաղաքական մեծամասնությունը միմյանցից տարբերվող են, այդ սահմանը հստակ պետք է լինի: Այսօր էլ պետական համակարգում շատերը հետևողականորեն ծառայում են ՀՀ-ին: Բայց լոյալության խնդիրը կա և դա մեր երկրի լրջագույն խնդիրներից մեկն է. այն, ինչ տեղի է ունենում, ցույց է տալիս, թե ուր ենք մենք հասել՝ որպես անկախ պետականություն, և ովքեր ուզում են պղտոր ջրում ձուկ բռնել, ասել է թե հայտարարությունների հիման վրա վերլուծություններ կատարել, ոչ ուղղակիորեն աջակցում են ՀՀ ինքնիշխանությանը և պետականությանը դեմ գնացող գործընթացին»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































