Լոնդոնյան ֆոնդային բորսան (LSE) մերժել է Հոնկոնգյան ֆոնդային բորսայի (HKEX) միաձուլման առաջարկը: Այս մասին ասված է բորսայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Տնօրենների խորհուրդը անհանգստացած է ստացած առաջարկի հիմնական ասպեկտներից` ռազմավարության, արդյունքների, գործարքի վճարման ձևի և արժեքի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նաև LSE-ում շեշտել են, որ իմաստ չեն տեսնում այս խնդրի հետագա քննարկման համար:
Միավորման առաջարկը HKEX-ից ստացվել է սեպտեմբերի 11-ին: Հնարավոր գործարքի գումարը կարող էր կազմել մոտ 36.56 միլիարդ դոլար: Ինչպես գրել է Bloomberg-ը, Հոնկոնգին նման քայլի կարող էին դրդել չդադարող բողոքի ակցիաները և ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի հետևանքով տնտեսական անկման հավանական հետևանքների մեղմացման ուղիների որոնումը: Գործարքի հիմնական պայմանը LSE-ի կողմից Refinitiv բիզնես-ինֆորմացիայի մատակարարի գնումից հրաժարվելն էր: