Մաքսային միությունը Հայաստանի համար տնտեսապես ձեռնտու չի կարող լինել: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Նեկոնո» խորհրդատվական ընկերության փորձագետ Միխայիլ Խազինը՝ անդրադառնալով ռուսական ինտեգրացիոն նախագծերի ծախսատարությանն ու Ռուսաստանի ներկայիս հնարավորություններին՝ Ղրիմի միացման ու պատժամիջոցների ֆոնին:
Նա նշեց, որ ինտեգրացիոն նախագծերի ծախսատարության հարցը բավականին վիճելի է. կան, իհարկե, տնտեսական խնդիրներ, սակայն ՄՄ անդամ երկրների շուկաների ընդլայնումը հանգեցնում է եկամուտների աճի բոլոր մասնակիցների համար, իսկ ՌԴ առանձին պաշտոնյաների դեմ կիրառվող պատժամիջոցները ներկայումս որևէ էական դերակատարություն չեն ունենում:
Ըստ նրա՝ ինչ վերաբերում է նավթի գնանկմանը, ապա դա ներկայիս իրավիճակի պայմաններում հնարավոր չէ, քանի որ գնանկումն անխուսափելիորեն կարագացնի ԱՄՆ ֆոնդային բորսայի փուչիկի պայթյունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի նոր փուլի մեկնարկի հետ մեկտեղ, որը համեմատելի կլինի 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Ուստի, նրա համոզմամբ, այստեղ սպառնալիքներ չկան:
«Ռուսական ինտեգրացիոն նախագծերի համար ամենագլխավոր խնդիրը ԱՄՆ ֆոնդային բորսայի անկումն է: Հավանական է, որ դա տեղի կունենա մինչ 2015թ. և կհանգեցնի համաշխարհային դոլարային համակարգի քայքայմանը, որն էլ իր հերթին կհանգեցնի տարածաշրջանային արժութային համակարգերի ձևավորմանը»,- հստակեցրեց ռուսաստանցի տնտեսագետը:
Նա նաև ասաց, որ բոլոր հակասությունները ՄՄ-ում կրում են տեխնիկական բնույթ և ոչ տնտեսական: Նրա համոզմամբ՝ աշխարհում դոլարային համակարգի ոչնչացմամբ կամրապնդվեն ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածաշրջանում: Հարցին, թե Հայաստանն ի՞նչ տնտեսական օգուտներ կարող է ունենալ ՄՄ-ից և այդ միասնական շուկայից, երբ չկան ընդհանուր սահմաններ, տնտեսագետը պատասխանեց, որ Հայաստանը դեռ չի կարող օգուտներ ունենալ: Նրա կանխատեսմամբ՝ օգուտներ գուցե լինեն, եթե ՄՄ-ն զարգանա:








































