ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանն է թիվ մեկ պատասխանատուն»: Սա մեջբերում է դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի Ազգային Ժողովում Մարտի 1-ի վերաբերյալ ելույթից: Այդ ելույթում Նիկոլ Փաշինյանը ամենայն մանրամասնությամբ, փաստարկված ու հիմնավոր կերպով ներկայացնում էր, որ Մարտի 1-ի թիվ մեկ շահառուն Սերժ Սարգսյանն է, որ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի սպանդն իրականացրել է Սերժ Սարգսյանին նախագահ դարձնելու նպատակով:
Այդ ելույթից անցել են տարիների, փոխվել են ժամանակներն ու դերակատարները, Նիկոլ Փաշինյանն այսօր զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ է, գտնվում է բանտում, իսկ Սերժ Սարգսյանը… վայելում է թավշյա ազատությունը: Այդ վայելումի ամեն մի օր հասարակության մեջ միանգամայն արդարացիորեն ավելացնում է տարակուսանքն առ այն, որ ինչ-որ բան այնպես չէ:
Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի փարատում այդ կասկածները, որովհետև փարատելու միայն մեկ ճանապարհ կա՝ պատասխանատվության, քրեական պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի, ինչպես ինքն էր հայտարարում, թիվ մեկ պատասխանատու Սերժ Սարգսյանին: Վերջինս սակայն, կրկնում ենք, վայելում է ազատությունը և զբաղված է կուսակցական աշխատանքով: Բադեն-Բադենյան շրջագայություններից ազատ ժամանակ, բնականաբար:
Մարտի 1-ի վերաբերյալ BBC-ի վերջին աղմկահարույց հրապարակումը որոշակիորեն նոր լույս սփռեց այդ իրադարձություններին, թեև, ինչպես առիթ ունեցել եմ նշելու, բրիտանական լրատվամիջոցի ներկայացրած տեղեկությունների մեծ մասը հայտնի էր հայ հասարակությանը: Այդուհանդերձ հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունը՝ ԼՂՀ պաշտպանության բանակի գեներալ Սամվել Կարապետյանի՝ Օգանովսկու մասնակցության վերաբերյալ կրկին վեր հանեց Մարտի 1-ի իրադարձություններին ղարաբաղյան զինված ուժերի մասնակցության հարցը: Հարց, որը չափազանց բազամաշերտ է և ենթադրում է պատասխանատվության ենթարկվելիք պաշտոնյաների մեծ շրջանակ:
Օրերս մամուլում հրապարկված ցուցմունքում Սամվել Կարապետյանը՝ հերքելով նյութում ներկայացված մի քանի դրվագներ, այդուհանդերձ հաստատում է, որ փետրվարի վերջին, մարտի սկզբին Ղարաբաղից Հայաստան են բերվել 700 զինծառայողներ՝ սպաներ և ենթասպաներ: Այս խոստովանությունը պետական դավաճանությանը հավասար խոստովանություն է, քանի որ ստացվում է, որ Հայաստանի ներքին խնդիրների լուծման, ՀՀ քաղաքացիներին ճնշելու համար առաջնագծից հեռացվել է 700 սպա և ենթասպա՝ ռազմաճակատն ըստ էության թողնելով անպաշտպան:
Եվ պատահական չէ, որ նույն ցուցմունքում Սամվել Կարապետյանը հիշատակում է մարտի 3-4-ին ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիայի մասին, որի արդյունքում մենք դիրք ենք կորցրել ապա վերադարձրել: Այսպիսով, նրա ցուցմունքով հաստատվում է, որ Երևանում խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառելու նպատակադրումով առաջնագիծը թողնվել է առանց առնվազն 700 սպաների ու ենթասպաների: Ովքե՞ր են պատասխանատվություն կրելու դրա համար, ո՞ւմ քաղաքական հավակնությունները բավարարելու նպատակով է առաջնագիծը թողնվել անպաշտպան:
Այո, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր վերը նշված ելույթում իրավացիորեն պնդում՝ Սերժ Սարգսյանին: Ի դեպ, վերջինիս և Սամվել Կարապետյանի միջև կա որոշակի առանձանահտուկ մտերմություն ու կապ: Պայմանական սահմանմամբ Սամվել Կարապետյանը համարվում է ղարաբաղյան զինվորականության՝ Սերժ Սարգսյանին հավատարիմ թիմի ներկայացուցիչներից մեկը: Այսինքն՝ Կարապետյանը Երևանում ղեկավարել է Ղարաբաղից բերված զորագունդը ոչ միայն որպես ֆորմալ զինվորական, այլ նաև որպես Սերժ Սարգսյանի մտերիմ՝ ծառայություն մատուցելով վերջինիս՝ նախագահի պաշտոնը բռնազավթելու հարցում:
Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի առանցքային դերակատարներից է և պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության: Սակայն Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի ամենևին ոչ միակ պատասխանատուն է ու առավել ևս՝ ոչ միակ շահառուն: Նրա հետ հավասարապես պատասխանատվության պետք է ենթարկվի առաջին հերթին Սերժ Սարգսյանը, ով նախագահ է դարձել 10 զոհերի արյան գնով:
Քանի դեռ Սերժ Սարգսյանն ազատության մեջ է, մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ: Դա նաև մեծագույն անարգանք է Մարտի 1-ի զոհերի հիշատակի հանդեպ:
Հ.Գ. Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը շուրջ վեց ամիս բնակվել է կառավարական ամառանոցներում՝ Սերժ Սարգսյանի հարևանությամբ: Որևէ ստույգ տեղեկություն չկա այն մասին արդյոք հանդիպել են կամ քանի անգամ են հանդիպել Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, ասենք երեկոյան զբոսանքների ժամանակ:
Տեղեկություններ չկան նաև նրանց հնարավոր զրույցների ու պայմանավորվածությունների մասին: Փոխարենը կա փաստ՝ հեղափոխությունից մեկուկես տարի անց Սերժ Սարգսյանը ազատության մեջ է:
https://www.youtube.com/watch?v=RbUZy3VEzY0&feature=youtu.be







































