Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Քաղաքական խոսքի բացակայությունն ու տիրապետությունը պոպուլիզմի

Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան հանրահավաքը դժվար թե հնարավոր լինի հաջողված համարել։ Բայց, այնուամենայնիվ, այն ձախողված էլ չէր։ Խնդիրը քաղաքական ազդակների և համապատասխան թիրախների մեջ է։ Հենց այս երկուսի հստակությամբ ու շեշտակիությամբ է պայմանավորված քաղաքական այս կամ այն գործընթացի հաջողումն ու ձախողումը։ Ասվածի համատեքստում պետք է նկատենք, որ վարչապետ Փաշինյանի ազդակները մի դեպքում հստակ ու շեշտակի էին, իսկ մյուս դեպքում՝ տարերային ու լղոզված։ Մի դեպքում խոսքը թիրախավորված էր, իսկ մյուս դեպքում էլ՝ անհասցե ու վերացականությամբ ողողված։ Թերևս հենց այստեղ է թաքնված վարչապետի ելույթի խնդրահարույց բնույթը, ինչն էլ բազմաթիվ հարցերի ու հակասական տպավորությունների պատճառ է դառնում։

Հանրահավաքի կարևորությունն այնքան մեծ էր, որ ինքնաբերաբար անհրաժեշտություն է ստեղծվում խոսել դրանից առկախված ակնկալիքների մասին։ Թերևս սխալված չենք լինի, եթե նկատենք, որ վարչապետի խոսքն ու ժողովրդի ակնկալիքները այդքան էլ չէին համապատասխանում իրար։ Խոսքը միայն հրապարակում հավաքված ժողովրդի մասին չէ, այլ ամբողջ հանրության՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Քաղաքացիներն այլևս հոգնել են հեղափոխական ճառերից, պատմական էքսկուրսներից ու երազանքների ժողովածուներից։ Վաղ թե ուշ՝ հոգնածությունն այդ փոխակերպվելու է անտագոնիզմի, եթե, իհարկե, վարչապետը չհրաժարվի հեղափոխական ու պոպուլիստական հռետորաբանությունից։ Այդ պարագայում նույնիսկ բանաստեղծությունները չեն օգնի, քանի որ իրերի կարգն է այդպիսին։ Պոպուլիստական հռետորաբանությունը գազեր բաց թողնելու պես գործողություն է. այն պետք է ունենա իր հստակ տեղն ու ժամանակը։ Անժամանակ և անտեղի պոպուլիզմը կարող է լրջագույն խնդիրների հանգեցնել, մասնավորապես՝ իշխանության ամբողջական արժեզրկման, քանի որ քաղաքական միավորի լինելիության կարևորագույն բաղադրիչը խոսքի հաստատուն ու լեգիտիմ կարգավիճակն է։ Ասվածի վառ ապացույցը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տխրահռչակ պրակտիկան է։ Նրա քաղաքական գոյությունը կանգ առավ այն ժամանակ, երբ խոսք-բան-լոգոսը այլևս իրենից որևէ արժեք չէր ներկայացնում։

Այլ խոսքով ասած՝ Հայաստանում և Արցախում մարդիկ ցանկանում էին քաղաքական խոսք լսել՝ հստակ ազդակներով և թիրախներով։ Ցանկությունն այս ամենևին էլ պայմանավորված չէ հանրության ուսյալ լինելու հանգամանքով, հարցը դա չէ։

Ընդհակառակը՝ մարդիկ, որպես կանոն, ատում են չոր քաղաքականությունն ու քաղաքագիտական միտքը և սիրում են այն, ինչը ստանում են Փաշինյանից։ Բայց սիրում են այնքան ժամանակ, քանի դեռ հերթը չի հասել գոյության և կեցության հիմնախնդիրներին։ Վերոհիշյալ խնդիրներն ու պոպուլիզմը անհամատեղելի են, հանգամանքն այս բնազդաբար և ենթագիտակցաբար զգում են նաև հանրույթները՝ անհրաժեշտաբար վերադառնալով այդքան ատելի չոր քաղաքականությանն ու քաղաքագիտական մտքին։ Սա տրամաբանական և օրինաչափ կերպափոխում է՝ բնորոշ բոլոր հանրույթներին, քանի որ զգացմունքային մեծ պայթյունին մշտապես հաջորդում է դառը սթափությունն ու դրանով պայմանավորված հարցադրումը․ իսկ ի՞նչ է լինելու հետո։

Հենց այս բնական փոփոխության հետ չի կարողանում համակերպվել վարչապետ Փաշինյանը։ Մեկ տարի առաջ նա ապահովեց զգացմունքային պայթյունը, իսկ հիմա չի հասկանում, որ դրան փոխարինելու է եկել դառը սթափությունն ու դրանով պայմանավորված հարցադրումը․ իսկ ի՞նչ է լինելու հետո։ Չգիտակցել հարցադրման և իրավիճակի փոփոխության հրատապությունը՝ նշանակում է չհասկանալ իրերի ճիշտ դասավորությունն ու էությունը։ Ցավոք սրտի, խնդիրն այս ստեփանակերտյան հանրահավաքի ժամանակ ոչ միայն տեսանելի էր, այլ նաև սուր ընդգծված։ Արդյունքում ունենք երկու տարբեր իրականություններ՝ հաղթանակած, ինքնասիրահարված, ինքնավստահ և փառքի գագաթնակետին գտնվող հեղափոխականներ ու դժգոհ, անընդհատ սպասող, աստիճանաբար հիասթափվող ու անհագիստ ժողովուրդ։ Առանձին գործիչներ կարող են մի ամբողջ հավերժություն հեղափոխական լինել, բայց հանրույթը՝ որպես հավաքականություն, չի կարող մշտապես տարված մնալ հեղափոխականությամբ։ Ավելին՝ մարդկային ամբողջականության համար հեղափոխությունը ակնթարթային պայթյուն է, որից հետո վրա են հասնում պահպանողական վախերն ու հարմարվողական ջղաձգումները, իհարկե, հանգիստ կյանքի ու տեսանելի ապագայի փնտրտուքներն էլ ներառյալ։

Ազգային միասնության հպարտությունն ու դրա ջախջախումը։ Սուլոցներ Բակո Սահակյանին

Միասնությունն ինքնին գեղեցիկ եզրույթ է, հատկապես երբ դրան ավելացնում են ազգային կամ էլ համազգային բաղադրիչները։ Ազգային միասնություն։ Բայց որքան էլ եզրույթն այս գեղեցիկ լինի, այնուամենայնիվ, այն միֆային է ու անիրական։ 20-րդ դարի համաշխարհային պատմության փորձը մեզ է փոխանցում միասնություն բառի տարատեսակ շահարկումներ ու շահադիտական կիրառություններ։ Քաղաքական գործիչներն այդ բառը շատ են սիրում ու մշտապես օգտագործում, իհարկե, զանգվածներին դուր գալու նեղ շահադիտական նպատակներով։ Աշխարհի տարբեր ծայրերում նրանք խոսում են միասնության գաղափարի մասին, բայց հաջորդ վայրկյանին մոռանում, թե ինչ են ասել։ Իհարկե, մոռանում են ոչ թե այն պատճառով, որ մոռացկոտ են, այլ պարզապես հասկանում են, որ միասնությունը միֆ է, պարզունակ մի պատրանք, գեղեցիկ ու ակնթարթային։

Նույն տրամաբանությունը գործում է նաև հայկական իրականությունում։ Հանրույթը նման է հազարավոր ու բազմագույն քարերից կազմված խճանկարի։ Մարդիկ տարբեր են, նույնը չեն և չեն էլ կարող նույնականանալ։ Այս տրամաբանությամբ հայ հանրույթը չի կարող հանդես գալ միասնության պատրանքի շղարշի ներքո, քանի որ դրա հակադարձումը լինելու է շատ ավելի կործանարար․ հանրային կառույցը շարունակելու է երկփեղկվել, կազմաքանդվել ու պառակտվել։ Այսպիսով՝ ազգային միասնություն կոչվածը պարզապես պատրանք է, հնարավոր չէ տարասեռ միավորներին նույնականացնել, պարզապես անհրաժեշտ է դրանց հաշտեցնել ու ներդաշնակեցնել։ Փաստորեն, կեղծ ու անիրական ազգային միասնությանը պետք է փոխարինեն ազգային ներդաշնակությունն ու հաշտեցումը, որի համատեքստում տարբերները կկարողանան ապրել մեկ դրոշի ներքո, և այդ դրոշը կդառնա համակեցական ներդաշնակության խորհրդանիշը։ Ի դեպ՝ վերոհիշյալն ամենևին էլ պարզունակ բառախաղ չէ։

Իսկապես, քաղաքական խոսքում եզրույթներն ու բառերը պետք է հստակ բովանդակություն ու թիրախավորում ունենան։ Միասնությունը մեխանիկական, չգիտակցված ակտ է, ընդամենը հանրահավաքային մշակույթով պայմանավորված, իսկ ներդաշնակությունը գիտակցված ու բանական ընտրություն է, որը կայացնում է ժողովուրդը՝ հայկական իրականությունը դիտարկելով որպես մեծ համակեցություն, որը բաղկացած է տարբեր ներդաշնակ միավորներից։ Օրինակ՝ քանի՞ կոպեկ արժեն ազգային միասնության մասին ճառերը, երբ հանրահավաքի ժողովուրդը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորում Արցախի նախագահի նկատմամբ։ Ի՞նչ միասնության մասին է խոսքը, եթե բացակայում է տարրական ներդաշնակությունը։

Որքան էլ քաղաքական տարաձայնությունները մեծ լինեն, այնուամենայնիվ, չի կարելի ամբողջ աշխարհի առջև չհարգել այդ կարևորագույն ինստիտուտն ու անցնել դրա վրայով։ Բակո Սահակյանի ելույթի ժամանակ հնչող սուլոցներն ու վանկարկումները ստվեր գցեցին ոչ միայն Փաշինյանի խոսքի, այլ նաև ամբողջ գործընթացի վրա։ Դա ազգային ներդաշնակության բացակայության վառ ապացույցն էր։

Օջախի վարչապետը

Մենք երբևէ չենք ակնկալել օջախի և ընտանիքի վարչապետ ունենալ, ավելին՝ օջախային ու նեղ ընտանեկան գոյության մշակույթը մենք թողել ենք անցյալ դարում՝ Օսմանյան և Ռուսական կայսրություններում։ Եկել է օջախից ու ընտանիքից վեր կանգնելու ժամանակը, եկել է հասարակական դաշինք ձևավորելու պահը, քանի որ թուրքահպատակ հային փոխարինելու է եկել ինքնիշխան Հայաստանի քաղաքացին։ Իսկ քաղաքացին, որպես կանոն, պետք է մերժի գավառական հայրենասիրությունը, որը օջախային նեղ շահեր սպասարկող  և պարզունակ կենացի կարգավիճակ ունեցող գործիք է։ Բայց ինչպե՞ս կարող է քաղաքացին մերժել արժեքային այդ փակուղին, եթե, ոչ ավել ոչ պակաս, հենց Հայաստանի վարչապետն է դարձել այդ քայքայիչ մշակույթի տարածողն ու ջատագովը։ Ասվածի վկայությունը ստեփանակերտյան հանրահավաքն էր, որը վարչապետի թեթև ձեռքով փոխակերպվեց գավառական հայրենասիրության ու նեղ էթնիկական բնազդների դրսևորման հանգրվանի։ Իմ համոզմամբ՝ հայրենասիրությունն առաջին հերթին պետական մտածողությունն է, քաղաքացիական գիտակցությունը, պետության ներկայի և ապագայի նկատմամբ մտահոգությունը, որն էլ հանգեցնում է պահանջատիրության և պահանջատեր քաղաքացու ձևավորմանը։ Իսկ ի՞նչ է ձևավորում անընդհատ ու չհիմնավորված հպարտությունը՝ իհարկե, դժվար է ասել, բայց այդ եզրույթի մեջ ինչ-որ արատավոր բաղադրիչ կա, որը հեռու է մարդկային՝ մեզ հայտնի բոլոր առաքինություններից։ Թերևս, չհիմնավորված հպարտությունն է գաղափարական այն հիմնավորումը, որի հիմքի վրա ազգային երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը կարող է փոխակերպվել կենացների ժողովածուի։ Կենացի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ դա թիթեռի կյանք ունի, այսինքն՝ ասելուց հետո մոռացվում է՝ հաջորդ առիթին վերստին հիշվելու հեռանկարով։ Ինչո՞ւ ենք մեր ազգային իղձերը փոխակերպում առիթների ժամանակ վերածնվող-մոռացվող կենացի։ Փաստորեն, ՀՀԿ-ական ռազմահայրենասիրական կենացներին՝ նոր ատոմակայանին, Հայաստան-Իրան երկաթուղուն, Ստեփանակերտի օդանավակայանի առաջին ուղևորը լինելու խոստումին, Կուր-արաքսյան Հանրապետությանը, ազգ-բանակին, վագրի թռիչքներով աճող տնտեսությանը փոխարինելու են գալիս փաշինյանական կենացները։ Ի՞նչ է այս ամենը նշանակում, մի՞թե մենք այս լրջությամբ ենք պատրաստվում պետություն կառուցել։ Եթե մտնենք այս ցանկի տրամաբանության մեջ, ապա կարող ենք զավեշտալի մի դիտողություն անել։ Ինչո՞ւ խոսք չկա գյուղատնտեսության ու գյուղացիների մասին։ Մի՞թե Փաշինյանն ու կառավարող թիմն այնքան են տարվել տեխնոկրատության և տեխնոլոգիաների քաղքենի հովերով, որ այլևս թքած ունեն արդյունաբերության ամենակարևոր ճյուղերից մեկի վրա։

Վարչապետին պետք է հիասթափեցնենք․ զբոսաշրջությամբ ու ստարտափերով պետություն չեն պահում, ինչ էլ լինի, միևնույն է, այս պետության բեռի առյուծի բաժինը ընկած է լինելու խեղճ գյուղացիների վրա։ Բայց մյուս կողմից էլ լավ է, որ գյուղատնտեսությունը տեղ չունի այս ցանկի մեջ, քանի որ հանրահավաքային փիլիսոփայության հետևանքով գյուղատնտեսությունը, զարգանալու փոխարեն, կարող է հետընթաց արձանագրել։

Արցախը Քոչարյանի բերանը փակելու գործիք չէ

 Վերջաբանի փոխարեն արժե խոսել վարչապետի անզգույշ և անհեռատես վարքագծի մասին։ Սա, իհարկե, պատիվ չի բերում պետական ու քաղաքական գործչին։ Գավառական հայրենասիրության և կենացասության համատեքստում ժողովրդագրական հիմնախնդիրների մասին խոսելը դեռ հասկանալի է, բայց նույն տրամաբանության և մեթոդի շրջանակներում Արցախի հարցի դիտարկումը ոչ միայն հասկանալի չէ, այլ նաև դատապարտելի է։ Եթե Հայկական բանակի գեներալներն ու սպաները միացում վանկարկեն, ապա դա ոչ միայն հասկանալի, այլ նաև ողջունելի կլինի։ Իրականում դա Հայաստանի քաղաքացիների մեծագույն երազանքն է, որից ժողովուրդը երբեք չի կարող հրաժարվել։ Բայց այս պարագայում խնդիրը մի փոքր այլ է: Հայաստանի վարչապետը՝ որպես Հայաստանի և Արցախի անվտանգության և շարունակական գոյության երաշխավոր, պետք է քաղաքական զսպվածություն և հեռատեսություն դրսևորի, հակառակ պարագայում մենք կարող ենք ոչ միայն հեռանալ այդ երազանքը կյանքի կոչելու հնարավորությունից, այլև վերջնականապես կործանել այն։

Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Արցախը Հայաստան է. բոլորն էլ գիտեն դրա մասին, բայց Հայաստանի վարչապետը ի լուր աշխարհի դրա մասին կարող է հայտարարել միայն այն ժամանակ, երբ ձեռքի տակ կունենա առնվազն Հայաստանի ու Արցախի միավորման ճանապարհային քարտեզը։ Իսկ եթե նա չունի այդպիսի ճանապարհային քարտեզ, ապա հանուն Արցախի անվտանգության՝ պարտավոր է խոհեմություն և հեռատեսություն դրսևորել։ Քանի՞ կոպեկ արժե Փաշինյանի այդ հայտարարությունը, եթե վաղը նա Ադրբեջանի և համանախագահների հետ բոլորովին ուրիշ հարթության մեջ է բանակցելու։ Իսկ եթե նրան հարցնեն, թե ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը, ի՞նչ է պատասխանելու։ Արցախը ժամանակին ազատագրվել է առանց ամպագորգոռ հայտարարությունների ու մարտնչող կենացների։ Արցախը ազատագրվել է լուռ ու հետևողական աշխատանքի միջոցով։ Արցախի անկախությունն ու Հայաստանի հետ միացումը նույնպես կյանքի է կոչվելու լուռ և հետևողական աշխատանքով, իհարկե, ծափահարություններ ու վանկարկումներ չճանաչող աշխատանքի։ Իսկ ցանկացած անզգույշ հայտարարություն մեկ քայլ նահանջ է այդ մեծ ճանապարհից։ Ինքներս մեզ հարց տանք․ երբ պաշտոնապես հայտարարում ենք, թե Արցախը Հայաստան է, արդյոք մոտեցնո՞ւմ, թե ավելի շատ հեռվացնում ենք երկու հայկական պետությունների միավորման գործընթացը։ Արցախը պետք է զերծ լինի քաղաքական պոպուլիզմի դրսևորումներից, այն որևէ մեկի հանրահավաքային խաղալիքը չի կարող դառնալ, Քոչարյանի բերանը փակելու համար ազգային խնդիրը չպետք է շահարկվի, քանի որ խաղասեղանին դրված է մի ամբողջ ժողովրդի անվտանգության հիմնախնդիրը։

Իհարկե չենք ուզում հոդվածն այս ավարտել վատատատեսական  տրամադրություններով, հուսահատվել և հուսահատեցնել մեր ընթերցողին։ Փաշինյանի կողմից թվարկված կոնսենսուսները ինչ-որ լավատեսական լիցք են փոխանցում մեզ, ամեն ինչ դեռ կորած չէ, և մենք դեռևս ամբողջությամբ չենք շեղվել մեր ճանապարհից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում