Վերաքննիչ դատարանը երեկ բավարարել է Դավիթ Գրիգորյանի գործով բողոքը և բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։ Ինչքան էլ քաղաքական իշխանությունը կարևորություն չտա այս որոշմանը, ակնհայտ է, որ այն ունենալու է հետևանքներ, առաջին հերթին՝ քաղաքական։ Ստացվում է՝ կա՛մ դատախազությունն ու ՀՔԾ-ն են հերթական անգամ «արջի ծառայություն» մատուցել Նիկոլ Փաշինյանին, կա՛մ էլ՝ դատական համակարգը շարունակում է սաբոտաժը՝ դառնալով հին համակարգի ռեստավրացիայի շարժման մասնակից կամ մարմնավորելով սողացող դավադրությունը։
Դատական համակարգում երեկ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք վկայում են այն մասին, որ վեթինգը ձախողվել է վերջնականապես, ու գործընթացի նման ընթացքը կարող է բերել նրան, որ Հայաստանում կարող ենք ունենալ ավելի վատ դատական համակարգ կամ մի իրավիճակ, երբ արդարադատության համակարգը լիովին կաթվածահար կլինի։
Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին գաղտնի քվեարկությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել Արթուր Մկրտչյանին։
Արթուր Մկրտչյանը հանրությանը հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործով։ 2019 թվականի հունվարի 18-ին Արթուր Մկրտչյանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին, և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին։ Քոչարյանի մասով Մկրտչյանը, իհարկե, կայացրել է որոշում, որը բխում է իրավական տրամաբանությունից ու նպաստում է գործի ամբողջական ու համապարփակ բացահայտմանը, սակայն այս դատավորի անցյալն ամենևին էլ հույսեր չի ներշնչում, թե նա կարող է հաղթահարել վեթինգի պատնեշը։
Մկրտչյանը հայտնի է նաև Հաց բերող Արթուր Սարգսյանի կալանքի գործով։ 2017թ. փետրվարի 9-ին հենց այս դատավորն է Սարգսյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրել։
Արթուր Մկրտչյանը նաև վճիռներ է կայացրել քաղաքացիական ակտիվիստների մասով, որոնք հետո բողոքարկվել են ՄԻԵԴ-ում՝ Հայաստանի համար իրավական ու ֆինանսական հետևանքներով։
Երբ մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր վեթինգի մասին իր պատկերացումները, ակնհայտ էր, որ դատավորների մեծամասնության, այդ թվում՝ Արթուր Մկրտչյանի կերպարները հակոտնյա են դրան։ Սակայն այսօր այնպես է ստացվում, որ Մկրտչյանն ընտրվում է Երևանի դատարանի նախագահ՝ խորհրդանշելով, որ Հայաստանում վեթինգի գործընթացը տապալվել է։
Սակայն նման տխուր եզրակացության ենք եկել ամենևին էլ ոչ եզակի իրադարձության առիթով։
ՀՀ նախագահի օգոստոսի 1-ի հրամանագրով՝ Արմեն Բեկթաշյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը դատարանի նախագահի պաշտոնակատարին և դատավորներին ներկայացրել է նորանշանակ դատավոր Արմեն Բեկթաշյանին:
Բեկթաշյանը մինչև վերջերս ԲԴԽ անդամ էր ու հրաժարական տվեց՝ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից ու դատարաննների մուտքերի արգելափակման ակցիայից հետո։ Ստացվում է՝ Բեկթաշյանը ոչ թե վեթինգի է ենթարկվել, այլ իշխանության հետ եղել է, այսպես ասած, փոխադարձ պայմանավորվածությունների կամ առևտրի դաշտում։ Տխրահռչակ ու քրեական բարքերի կրող այս դատավորը «վեթինգվել» է ԲԴԽ-ում՝ դրա դիմաց ստանալով Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոն։
Եթե սա է իշխանությունների պատկերացրած վեթինգը, ապա ստիպված ենք արձանագրել, որ այն նպաստում է ոչ թե դատական նորմալ համակարգի կայացմանը, այլ՝ նախկին համակարգի ռեստավրացիային։










































