Հունիսի 30-ին տեղի է ունեցել Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը՝ նվիրված ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների մեկնարկին: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բացման խոսքում ընդգծել է, որ Ազգային անվտանգության ռազմավարությունն այն առանցքային փաստաթուղթն է, որը յուրաքանչյուր պետության կայուն և անվտանգ զարգացման համար ունի հիմնարար նշանակություն:
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը չի թարմացվել 2007թ-ից, մինչդեռ այս ընթացքում թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ներքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ազգային անվտանգության, միջազգային հարաբերությունների և հանրային կառավարման փորձագետ Սոսի Թաթիկյանն ընդգծեց, որ մեր ազգային անվտանգության ռազմավարությունը 12 տարվա հնություն ունի. «Այն ծայրահեղ հնացած է, և այս փոփոխությունը վաղուց էր սպասվում»: Փորձագետը միաժամանակ արձանագրեց, որ բավականին հաջող ժամանակ է ընտրված այս փաստաթղթի թարմացման համար. «Այսպիսի իրավիճակում, երբ տեղի է ունեցել հեղափոխություն, տեղի է ունեցել ապրիլյան պատերազմը, կան արտաքին մարտահրավերներ, կարծես թե վերադարձ կա սառը պատերազմի իրավիճակին՝ սրվել են Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները, մյուս կողմից՝ ահաբեկչության սպառնալիքի բնույթն է փոխվել, այս փաստաթղթի վերանայումն անհրաժեշտություն է: Այսպիսի փաստաթղթերը սովորաբար վերանայվում են 5 տարին մեկ»:
Սոսի Թաթիկյանի խոսքով՝ ազգային անվտանգության ռազմավարությունը չպետք է լինի կուսակցական փաստաթուղթ կամ իշխանությանը ներկայացնող փաստաուղթ. «Այն պետք է հիմնված լինի կառավարության և հասարակության, քաղաքական տարբեր ուժերի միջև փոխզիջման և հանրային համերաշխության վրա և պետք է ուղղված լինի ոչ թե միայն կառավարության կամ պետության անվտանգությանը, այլ բոլոր քաղաքացիների անվտանգության պահպանմանը:
Փորձագետը նաև ընդգծեց, որ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը չի կարող սահմանափակվել պաշտպանական և արտաքին քաղաքական ոլորտներով:
Մանրամասն՝ տեսանյութում:








































