ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի»-ն տված հարցազրույցում խոսել է քաղաքական իր ապագա ծրագրերի մասին։ Նախկինում իր հայտարարած «կոնսենսուս մինուս մեկ»-ն, ըստ բանտարկված նախագահի, որպես գաղափար արդեն իսկ ձևավորվել է քաղաքական դաշտում: «Չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ»,- հայտարարել է Քոչարյանը։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի քաղաքական ծրագրերին, նշեց. «Վերջին 30 տարվա ընթացքում շատ ենք տեսել թեժ գարուններ, ամառներ, աշուններ, ձմեռներ՝ չնայած հիմնականում աշնան ու գարնան հետ էին կապված այդ խոսակցությունները։ Տվյալ դեպքում պետք է հիմք ընդունենք նախկին փորձը և սպասենք-տեսնենք՝ արդյոք սա ուղղակի անազատության մեջ գտնվող մարդու ցանկությո՞ւն է և ո՞չ ավելին»։
Ա. Բադալյանը նաև նշեց, որ այժմ կան թեժության որոշ պայմաններ, որովհետև իշխանության վարկանիշն ընկնում է. «Մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը չի լավանում, խոսակցություններ կան, որ գազի գինը թանկանալու է, ինչն էլ սննդի բնագավառում թանկացումների է բերելու։ Ուզում եմ ասել, որ կան գործողությունների պայմաններ, բայց թե դա ինչպես և ում միջոցով կիրականացվի՝ առայժմ հստակ չէ»։
Մեր զրուցակիցը շեշտեց՝ ցանցային պայքարը տարածված է, և չմոռանանք, որ հենց այդպիսի պայքարի միջոցով գործող իշխանությունները կարողացան իշխանափոխություն իրականացնել: «Մենք չունենք սոցիոլոգիական տվյալներ, թե ինչպիսին է այս պահին գործող իշխանությունների վարկանիշը։ Այո՛ լրատվական դաշտում կա տեսակետ, որ հասարակության մեջ կա կոնսենսուս, որ երկրորդ նախագահը պետք է լինի բանտարկված, բայց ես այդ կոնսենսուսը տեսա Մանվել Գրիգորյանի մասով. երբ նա հայտնվեց ազատության մեջ, Էջմիածնում եղան ցույցեր, արդյոք նո՞ւյնն է նաև երկրորդ նախագահի հետ կապված՝ մենք պնդել չենք կարող»,- նշեց նա։
«Որքան էլ հասարակության մեջ դժգոհություն առաջանա գործող իշխանություններից, արդյոք մարդիկ որպես այլընտրանք կուզենա՞ն Քոչարյանին տեսնել» հարցին ի պատասխան՝ փորձագետն ասաց. «Այս հարցին հստակ պատասխանելու համար պետք է սոցիոլոգիական հարցումներ անցկացնենք, բայց այս պահի դրությամբ տվյալներ չկան։ Իհարկե կան ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի արդյունքները, բայց կարող ենք ասել, որ այն հնացած է, և որոշակի հստակեցումների կարիք կա։ Սոցիոլոգները կարող են ասել՝ երկրորդ նախագահը կարո՞ղ է իշխանության դեմ պայքարի առաջամարտիկը լինել, թե՞ ոչ։ Ես նշում եմ, որ կան պայմաններ, բայց թե ով և ինչպես կիրականացնի՝ մենք չգիտենք։ Չգիտենք նաև, թե ովքեր կլինեն այդ ցանցային պայքարի լիդերները, գուցե երկրորդ նախագահն ընդամենը բաժնետերերից մեկն է լինելու և ո՛չ գլխավոր տնօրենը»։








































