Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ տևական ժամանակ է՝ հարց-պահանջ են ներկայացնում, թե ինչու նոր Հայաստանի նոր իշխանությունը քաղաքական գնահատական չի տալիս նախկին իշխանություններին: Թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանին:
Այս առնչությամբ Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ նախկին ավտորիտար իշխանությունը հեղափոխությամբ հեռացվել է. «Եվ այժմ քաղաքական գնահատական պետք է տրվի՝ ունենալու համար շատ պարզ պատասխան, թե ինչու է հեռացվել: Սա պետք է ամրագրվի փաստաթղթում»:
Նրա խոսքով՝ պետության զավթման ծավալները և խորությունը չեն պատկերացնում նույնիսկ այն մարդիկ, ովքեր կասկածում են, թե ինչու պետք է քաղաքական գնահատական տրվի. «Այս քաղաքական գնահատականի բացակայության հետևանքով է, որ համակարգային խնդիրների հետևողական քայլերը, որ պետք է արտահայտված լինեն քաղաքական գնահատականի մեջ, նույնպես չենք տեսնում՝ ֆրագմենտալ ենք տեսնում: Իսկ քաղաքական գնահատականի մեջ արտացոլված կլինեն այն բոլոր համակարգային խնդիրներն ու դրանց գնահատականները, ինչը կարող ենք ասել՝ խնդիրների մի ամբողջ քարտեզագրում է, որոնք պետք է լուծում ստանան: Սակայն եթե չկա այդ ամբողջ խճանկարը՝ գնահատականի տեսքով, ապա մենք չենք կարող ակնկալել նաև համակարգային լուծումներ»:
Սաքունցը, խոսելով Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, նկատեց. «Սահմանադրության մակարդակով է նաև պետությունը զավթված եղել: Ինչպե՞ս կարելի է խոսել դատաիրավական բարեփոխումների մասին, երբ ամրագրված չէ, որ դատական իշխանությունը զավթված է եղել մի խումբ մարդկանց կողմից»:
Ինչպես նշեց Գարեգին Միսկարյանը՝ քաղաքական գնահատականը այն գիծն է, որը պետք է տարանջատի նախահեղափոխական Հայաստանը հետհեղափոխական Հայաստանից. «Այսինքն՝ մենք գնահատական ենք տալիս նախորդ համակարգին, ֆիքսում ենք դա և ասում ենք՝ մենք հետդարձ չենք ունենալու նախորդ համակարգին: Այդ գնահատականից հետո էլ գուցե կարիք լինի նկարագրելու, թե ինչպիսին ենք տեսնում մեր ապագան»:
Դանիել Իոաննիսյանն էլ համեմատական տանելով Ցեղասապանության ճանաչման հետ՝ ասաց. «Ի՞նչ է մեզ տալիս, երբ ինչ-որ իքս երկրի խորհրդարան քաղաքական գնահատական է տալիս Թուրքիայում հայերի նկատմամբ տեղի ունեցածին և ասում է, որ դա Ցեղասպանություն էր հայերի նկատմամբ: Առաջին հայացքից կթվա, թե ոչինչ չի տալիս, սակայն այդ քաղաքական հայտարարությունը հիմք է հանդիսանում տարբեր պրոցեսների համար»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:









































