Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գոլոս Արմենիի» հետ հարցազրույցում ներկայացրել է իր պատկերացումներն այլընտրանքային քաղաքական բևեռ ձևավորելու շուրջ:
Ի պատասխան այն հարցին, թե որքա՞ն երկար է նա մտադիր հետևել սպասողական մարտավարությանը, ո՞ր պահին կհնչեցնի իր պատկերացումները ընդդիմության կոնկրետ ձևաչափի մասին, որի նպատակն է լինելու ձևավորել «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակը, և որ խորհրդարանում ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, ու գործունակ այլընտրանքային քաղաքական բևեռ կարող է ձևավորվել իր մասնակցությամբ ու իր շուրջը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ, իր կարծիքով, «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում:
«Ակնհայտ է, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ»,- կարծում է նախկին նախագահը:
Իսկ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է մտադիր հակադրել զարգացման հստակ հայեցակարգ չունեցող այսօրվա իշխանության «մերկ» պոպուլիզմին, և այլ կերպ ասած` ինչո՞վ է հիմնավորված քաղաքականություն վերադառնալու` նրա հայտը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ մտադիր է հակադրել կառավարչական փորձը, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր և կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ:
«Պետական մեքենան պետք է աշխատի ժամացույցի պես, ընդ որում` հասարակության համար ըմբռնելի ռեժիմով: Առանց դրա պարզապես անհնար է երկրի հաջող արդիականացման, բարեփոխումների և արդյունավետ կառավարման իրականացումը: Ես Ղարաբաղում ու Հայաստանում նախագահելու հաջողված փորձ ունեմ: Վերջին 10 տարիներին եղել եմ տնտեսության ամենատարբեր բնագավառներում աշխատող խոշոր ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այնպես որ` ռազմական ու պետական շինարարության, սոցիալ-տնտեսական մասշտաբային բարեփոխումների իրականացման եզակի փորձ ունեմ, ինչպես նաև ժամանակակից բիզնեսի մեխանիզմների գործադրման ընկալում: Հայաստանում շա՞տ են արդյոք նման փորձ ունեցող մարդիկ»,- նշել է նախկին նախագահը:







































